Ապրիլի 7-ին եւ ապրիլի 7-8-ի գիշերը նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ հիմնականում հրաձգային զենքերից:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։
Ադրբեջանը հաջորդ պատերազմում փորձելու է կիրառել «երեք ճակատների» մարտավարությունը․ մեկը` առաջնայինը, լինելու է ղարաբաղյան ճակատը։ Ադրբեջանը փորձելու է ապրիլին գրաված դիրքերից (Թալիշի մերձակայք և Լելե Թեփե) կրակի տակ պահել լայն շառավիղով ռազմավարական նշանակության օբյեկտները, գյուղերն ու քաղաքները, ինչպես նաև այդ դիրքերն օգտագործել որպես նոր տարածքներ գրավելու մեկնակետեր կամ հենակետեր։
Երկրորդ ճակատը Նախիջևանն է լինելու, որտեղից Բաքուն կրակի տակ է պահելու ՀՀ-ի ռազմավարական նշանակության մարզերը` Արարատի մարզը` գյուղատնտեսական ահռելի ներուժ, Վայոց Ձորը` բնական պաշարներ` «կապող օղակ» կյանքի ճանապարհ Սյունիք-Իրանի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզը, որն ունի հանքաարդյունաբերական հզոր ներուժ, այդ մարզում գտնվող հզորություններն ապահովում են ՀՀ-ի բյուջեի զգալի մասը, իսկ Սյունիքով են անցնում Իրանի հետ կապող ռազմավարական, այլընտրանքային (Վրաստանը՝ որպես արտաքին աշխարհին կապող «պատուհան») ճանապարհները։
Բացի այդ՝ Նախիջևանից ուղիղ հարվածի տակ կարող է գտնվել Երևանը։ ՀՀ-ի մայրաքաղաքի ռազմա-քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական կարևորության մասին խոսելն անգամ ավելորդ է։
Երրորդ ճակատը լինելու է Տավուշի մարզը` 3-րդ բանակային կորպուս։ Բաքուն, կրակի տակ պահելով այդ մարզի սահմանամերձ գյուղերն ու առաջնագծում գտնվող զորամասերը, թույլ չի տալու, որ այդտեղից զորքերը տեղափոխվեն և Վարդենիս-Մարտակերտ կարճ ճանապարհով օպերատիվ կերպով օգնության հասնեն հիմնական ճակատ` Արցախին։ Բացի այդ՝ կրակի տակ է պահվելու միջպետական` ՀՀ-Վրաստան ճանապարհը, որն անցնում է հենց Տավուշի մարզով` խոչընդոտելով ՀՀ-ի տնտեսական կյանքն ու քաղաքացիների տեղաշարժը։