Թուրքիան միայնակ պայքար է մղում ահաբեկչության ու այդ ահաբեկիչներին աջակցող պետությունների դեմ։ Այդ մասին հայտարարել է թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Նաիլ Չելեբին։ Նրա խոսքով՝ թյուրքախոս երկրները պետք է միավորվեն ու այդ նպատակով ջանքեր գործադրեն։
Ըստ նրա՝ Թուրքիան ձգտում է միության, և ժամանակն է ստեղծելու Թյուրքական պետությունների միություն ԵՄ նմանությամբ։
Նա հավելել է, որ, եթե այդպիսի կառույց ստեղծվի, Թուրքիան իրեն այդ պայքարում միայնակ չէր զգա։
Անկարայի և այսօր Թուրքիայում իշխող Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Սևծովյան ավազանում, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում իրականացնում են եռաշերտ արտաքին քաղաքականություն, որի տարրերը բխում են մեկը մյուսից: Էրդողանը, Թուրքիայի ԱԳՆ-ն, արտաքին հետախուզությունը, իրականացնում են տարբերակված ռազմա-քաղաքական գործողություններ տարբեր արտաքին քաղաքական շախմատային հարթակներում:
Մերձավոր Արևելքում և Հս. Աֆրիկայում՝ Մահրիբում, Թուրքիան իրականացնում է Ահմեդ Դավութօղլու «Ռազմավարական խորություն» գրքում տեղ գտած և ուղենիշ համարվող նեոօսմական քաղաքականություն՝ Թուրքիայի ազդեցության տարածում, վերականգնում՝ Օսմանյան կայսրության նախկին տարածքում: Դրանք ենթադրում են տնտեսական կապերի հաստատում, փափուկ ուժ, սունիական հողի վրա սուննիների պաշտպանություն Սիրիայում, Իրաքում, Հս. Աֆրիկայում, ինչպես նաև Մահմեդական եղբայրների աջակցություն, որոնք Արդարություն և զարգացում կուսակցության քույր կուսակցությունն է:
Ինչ վերաբերում է պանիսլամիզմին, ապա այդ գաղափարը նեոօսմանիզմի հետ մի ճակատով Անկարան առաջ է մղում Բալկաններում՝ պաշտպանելով տեղի թուրքական համայնքները, ինչպես նաև ալբանացիներին, կովոսավարներին, բոսնիացիներին՝ ընդդեմ սերբական, ռուսամետ, քրիստոնյա տարրի:
Պանթուրքիզմի քաղաքականությունն Անկարան ուղղում է դեպի թյուրքախոս, թյուրքական ժողովուրդներ՝ Կենտրոնական Ասիա, Հյուսիսային Կովկաս՝ թե՛ պանիսլամիզմ՝ սուննիական, թե՛ պանթուրքիզմ․ Հս. Կովկասի որոշ ժողովուրդների ունեն թյուրքական ծագում, ինչպես նաև ՌԴ-ի դեմ՝ Թաթարստան, Չուվաշիա, Բաշկորտոստան, Յակուտիա և այլն: Այդ քաղաքականությունը տարածվում է նաև Չինաստանի վրա՝ Սինցզյան-Ույգուրական շրջանում տեղի ույգուրների աջակցությունը:
Թուրքերը ՌԴ-ի դեմ է սկսել գործել նաև Ղրիմում՝ տեղի թաթարներին, ինչպես նաև գորշ գայլերին օգտագործելով:
Թուրքիան նեոօսմանիզմը, պանիսլամիզմը, պանթուրքիզմն օգտագործելու է յուրաքանչյուր տարածաշրջանի, երկրի նկատմամբ յուրովի՝ ելնելով այդ երկրի ժողովուրդների ծագումից, լեզվից, կրոնից, օսմանյան արմատներից ու ժառանգությունից: Նոր բան Անկարայի քաղաքականության մեջ չկա՝ սուլթաններ-երիտթուրքեր-Էրդողան «շղթան» միահյուսված է։