Երբ մտովի կշռում եմ Սովետական Հայաստանի լավն ու վատը, առավելությունն ու թերությունը, փաստարկների ու հակափաստարկների շարքում, գրեթե միշտ վերջում վճռական է լինում Չարենցի (նաև՝ Բակունցի, Թոթովենցի, մյուսների) ոչնչացումը: Երբ կարդում ես Չարենցի վերջին՝ 36-37 թվի ստեղծագործությունները, գիտակցում ես, որ գրողն ընդամենը 40 տարեկան է, ու նաև տեսնում ես, որ նրա տաղանդը, նրա ասելիքը դեռ նոր է հասունանում, որ նա մի նոր որակի է հասնում հենց իր վերջին գրածներում: Տեսակետ եմ լսել, թե Չարենցի՝ վերջին շրջանի այդ գրածները նրա ծանր կացության արտացոլումն են: Չափազանց սխալ տեսակետ է, ըստ իս, քանի որ մարդն՝ ընդհանրապես, իսկ Չարենցի պես բանաստեղծը՝ հատկապես, չափազանց ինքնամփոփ համակարգ է, որպեսզի արտաքին հանգամանքները վճռորոշ նշանակություն ունենան նրա ստեղծագործության վրա: Երանգավորել կարող են, բայց վճռել՝ ոչ: Չարենցը ոչ թե ճգնաժամի մեջ էր, այլ՝ նոր ծաղկման նախաշեմին, նաև ազատված իրեն պարտադրած արտաքին դերերից:
Չարենցն ու նրա սերնդակից համախոհները չափազանց թանկ գին վճարեցին այն բանի համար, որ ժամանակին նախընտրեցին օտար «առողջ գայլին» սեփական «հիվանդ գառանից»: Ոչ միայն գրողները, մի ամբողջ սերունդ գործիչներ, որոնք հավատացին բոլշևիկյան գաղափարներին, որոնք գործեցին սեփական հայրենիքի թիկունքում որպես օտար «ազատագրական» բանակի առաջամարտիկներ, կյանքով վճարեցին: Հատուկենտ հայ բոլշևիկներ վերապրեցին 37-38 թվականները: Մի ամբողջ սերնդի ողբերգություն էր սա, որին այսօր հեշտ է դատապարտել կամ արդարացնել, բայց ավելի բարդ է հասկանալ: Նրանք ունեին իրենց գաղափարն ու իրենց ճմշարտությունը, բայց դա չարաչար պարտություն կրեց ու արյան մեջ կործանվեց:
Հայաստանի Հանրապետությունը, որը նրանք չէին ընդունում և որի դեմ նրանք պայքարում էին, մի քանի անգամ ավելի վատ, թույլ ու անտանելի ներքին կարգերով պետություն էր, քան այսօրվանը: Իրենք տեղ ունեին դա չընդունելու, բայց ժամանակը նորից ապացուցեց մի պարզ ճշմարտություն՝ սեփական վատն ավելի լավ է, քան օտար լավը: Չարենցն ու մյուսները կապրեին անկախ Հայաստանում որպես դրա անխնա քննադատներ, ընդդիմադիրներ, բայց նրանք ոչնչացվեցին այն օտար ուժի կողմից, որը նախընտրեցին սեփական վատին: Ու ցայսօր ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչու: Չկա այդ ինչու համոզիչ պատասխանը:
Չարենցը գրել է շատ հայտնի ու անհայտ գործեր, հաջող ու անհաջող գործեր, բայց էս մի շարքը՝ «Դոֆին նաիրական», իր ու իր սերնդի մասին է․
Նա պառկած էր նախկին սեղանատան միգում,
Հին սեղանի վրա, երկայնքն ի վար դրած,
Իր դագաղում դեղին , – և ճակատին նրա
Քստմնելի՝ հանգչում էր ծաղիկների մի կույտ։
Մագաղաթի նման ողորկ, ապակեգույն`
Կարծես մաքրել էր մի անագորույն կրակ`
Պսպղում էր դեմքի ալեբա՛ստրը բարակ, –
Եվ ո՛չ մի խոհ դեմքին, իբրև պատգամ Հոգու։
Ո՛չ մի խորհուրդ, ավա՜ղ, կամ մտորում չնչին.
Բիլ ապակուց ձուլած բարակ մատնե՛րն անգամ`
Անկամ՝ կառչե՜լ էին մոռացության տենչին։
Մի՞թե «դոֆինն» էր այդ, – վերջին նաիրական,
Արքայա՛զնը, ննջած դափնիների ներքո,
Արնաշաղա՜խ քաղած իր սեփական ձեռքով։