Երեկ Առաջին ալիքի եթերում մեկնարկել է նոր՝ «Ճակատագրի պատասխանը» հեռուստանովել, որը պատմում է Եվրոպայում մեծ հաջողությունների հասած հայ երիտասարդ գիտնական Լևոնի մասին: Նա իրեն հաջողակ մարդ է համարում և չի պատկերացնում իր կյանքը Հայաստանում, սակայն ճակատագրական մի օր ամեն ինչ գլխիվայր շրջվում է: Լևոնին արտաքսում են արդեն հարազատ դարձած օտար երկրից, և նա ստիպված է վերադառնալ Հայաստան, ուր ոտք չի դրել 18 տարի: Լևոնի կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, և նա օր-օրի ավելի շատ է սիրում իր երկիրը:

Հեռուստանովելի դերերում են Արտաշես Ղազանչյանը, Անի Պետրոսյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Շողեր Թովմասյանը, Արամոն և այլք: BlogNews.am-ը Շողերի հետ զրուցել է նոր կերպարի մասին:

«Մենք երեք ընկերուհիներ ենք և միասին աշխատում ենք նույն վայրում: Ես Արամոյի ընկերուհին եմ, և իմ կերպարը ցույց է տալիս, որ, անգամ սիրուհի լինելով, յուրաքանչյուր կին կարող է հասնել իր երազանքին»,- պատմում է դերասանուհին: 

Շողերը և Արամոն առաջին անգամ են միասին խաղում նույն նախագծում. «Նրա հետ շատ հեշտ է, և ամենակարևորը՝ ամբիցիոզ մարդ չէ: Առաջին հերթին Արամոն պարզապես կատարյալ երաժիշտ է, բայց որպես դերասան ևս փայլում է: Նա կեղծ չէ, և նրա մեջ այնքան կյանք կա, որ դա փոխանցվում է նաև ինձ»:

Ոճային փոփոխություն չի արել, միայն փոխել է հագուստի ոճը. «Իմ կերպարը խնդիր ունի ցույց տալու, թե որքան ժամանակակից և ազատ է: Ես ինձ երբեք այս կերպարում չեմ պատկերացրել, իմ խառնվածքին մոտ է այնքանով, որ թեթև է, հումորով, բայց նաև կոկետուհի է, չնայած որ կյանքում ես ավելի չոր եմ»:

Գրեթե բոլոր դերասանների հետ առաջին անգամ է նկարահանվում, ասում է՝ բավականին հետաքրքիր է, երբ խաղընկերները նոր են. «Որպես երիտասարդ դերասանուհի միշտ սովորելու բան ես ունենում, որովհետև նրանց փորձն ավելի շատ է: Եթե անգամ իմ տեսարանը չի նկարահանվում, ես նայում եմ, թե ինչպես են խաղում մյուսները»:

                      Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել