Wnews.am-ը գրում է.
Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպված քվեարկության արդյունքում ՀՀ 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը:
Այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Արմեն Սարգսյանը ստացել է 90 կողմ, 10 դեմ ձայն:
Արմեն Սարգսյանն իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին:
Wnews.am-ը ներկայացնում է Արմեն Սարգսյանին եւ նրա ընտանիքը։
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երեւանում։
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-1984 թվականները ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը:
Դեռեւս Խորհրդային Միության գոյության տարիներին (1984-1985 թթ. եւ 1989-1991 թթ.) եղել է օտարերկրյա հետազոտող եւ դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:
1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները:
1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր:
1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով:
1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է:
Տարբեր տարիներին հանդիսացել է British Petrօleum, Alcatel, Telefonica եւ այլ ընկերությունների խորհրդատու:
2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
Նկատենք, որ Արմեն Սարգսյանը մտերիմ է Ուելսի արքայազն Չարլզի հետ։
Արմեն Սարգսյանը 2010-ին նախաձեռնեց «Երեւան, իմ սեր» նախագիծը, որի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմական-մշակութային ժառանգության պահպանումն է: Ծրագիրը մեկնարկել էր Վինձորի թագավորական դղյակում տեղի ունեցած աննախադեպ ընդունելությամբ, որը կազմակերպվել էր Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ համատեղ եւ որին ներկա էին Հայաստանի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, հայ եւ այլազգի բարերարներ ու գործարարներ:
Արմեն Սարգսյանն ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ:
Նրա կինը՝ Նունե Սարգսյանը, նախկին լրագրող է, այժմ էլ հեքիաթագիր։ Հենց ամուսինն է նրան համոզել հեքիաթներ գրել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ