Արտաքին քաղաքականության շրջանակներում միջազգային հարաբերություններին վերաբերող կանխատեսումների համար արդի փուլում առավել տարածված է կարճաժամկետ և երկարաժամկետ ժամանակային միջակայքերի ուսումնասիրությունն այն պատճառով, որ ներկա դարաշրջանի պահանջներն օբյեկտիվորեն հիմնավորում են նման մոտեցումների ռազմաքաղաքական և տնտեսական նպատակահարմարությունը: Սույն տեսանկյունից էլ միջազգային հարաբերություններին վերաբերող կանխատեսումները մշակվում են՝ հաշվի առնելով երկու էական հանգամանք` ա) քաղաքական գործիչների, պետության առաջնորդների ընդունած որոշումների, վճիռներին հաջորդած գործողությունների հնարավոր հետևանքների ներգործության աստիճանը միջազգային կամ տարածաշրջանային քաղաքականության զարգացումների վրա և բ) քաղաքական գործընթացներ, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ միջակայքերում ի զորու են լրջորեն ազդելու այս կամ այն երկրներում (տարածաշրջանում) ընթացող իրադարձությունների վրա (այդպիսի գործընթացներից են մակրոտնտեսական փոփոխությունները, ազգային համախառն արդյունքի դինամիկ աճը և այլն):
Նկատենք նաև, որ միջազգային հարաբերությունների զարգացման նշված գործընթացներին առնչվող կանխատեսումներին համապատասխանում են կարճաժամկետ (մինչև 5 տարի) և միջնաժամկետ մինչև (15 և ավելի տարի) միջակայքերը: Իհարկե, կան նաև առանձին տեսակետներ, որոնք վերը ներկայացված գիտնականների մեծամասնության ընդունած կանխատեսումների միջակայքերից տարբերվում են:
Հայտնի է, որ վերջին 10-20 տարիներին հեղինակավոր կազմակերպությունների (օրինակ՝ NICE-ի, Համաշխարհային բանկի) հրապարակած կանխատեսումները որոշակիորեն ազդում են տարբեր երկրների կառավարությունների որոշումների ընդունման մեխանիզմի վրա: Բնականաբար, խոշոր աշխարհաքաղաքական դերակատարները որոշակի ջանքեր են գործադրում իրենց համար դրական սցենարներն իրագործելու և բացասականները կանխելու համար: «Հեղինակավոր կանխատեսումները» կարելի է նաև մեկնաբանել որպես ինքնատիպ տեղեկատվահոգեբանական գործողություններ՝ միտված միջազգային հանրությունում որոշակի տրամադրությունների ձևավորմանը: Դրանով իսկ այդ կանխատեսումները կարծես համաշխարհային և ազգային հանրությունների գիտակցության տարր են դառնում՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:
Ընդհանուր առմամբ, այս բոլոր հանգամանքներն անդրադառնում են ընթացիկ գործընթացների վրա, այս կամ այն չափով ուղղորդում են դրանք, դրանով իսկ որոշակի չափով ապագայի հիմքերն են դնում արված կանխատեսումներին համապատասխան: Այսպիսով՝ հաստատվում է հետադարձ դրական կապ ներկայի և ապագայի միջև, այսինքն՝ հնարավոր ապագայի մասին զարգացած պատկերացումները նպաստում են այս կամ այն ոլորտում կոռեկտ քաղաքականություն վարելուն արդեն այսօր: Վերջին հանգամանքը չափազանց արդիական է Հայաստանի համար, որը քաղաքակրթությունների հանգուցակետում է, անկայուն տարածաշրջանում, և հայության համար, որի մի մասը ցրված է ամենատարբեր մշակութային քաղաքական համակարգեր ու հավակնություններ ունեցող երկրներում:
Ակնհայտ է, որ նման պայմաններում համարժեք ազգային քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են պատկերացումներ ինչպես սեփական երկրի և նրա հարևանների ապագայի, այնպես էլ գլոբալ քաղաքական դերակատարների զարգացման հեռանկարների մասին, այնինչ «դե ֆակտո» պատերազմի վիճակի մեջ գտնվող երկիր լինելով՝ մենք չունենք հստակ պատկերացումներ, օրինակ, Ադրբեջանի, նրա հասարակության ու տնտեսության և, առավել ևս՝ այդ երկրում ածխաջրածնային բումի անխուսափելի ավարտից հետո սպասվող հնարավոր զարգացումների մասին: Իրավիճակը գրեթե նույնն է նաև տարածաշրջանային այլ երկրների հետ կապված: