168.am-ը գրում է․

Մայա Սանդուն երդում տվեց և երկրորդ անգամ ստանձնեց Մոլդովայի նախագահի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Արարողությունը դեկտեմբերի 24-ին անցկացվել է Մոլդովայի խորհրդարանի և Սահմանադրական դատարանի հանդիսավոր նիստում. դրան ներկա են եղել պատգամավորներ, կառավարության անդամներ և պատվավոր հյուրեր։ Օտարերկրյա հյուրեր չեն հրավիրվել:

«Ես երդվում եմ իմ ողջ ուժերն ու կարողությունը տալ հանուն Մոլդովայի Հանրապետության բարգավաճման, պահպանել սահմանադրությունը և երկրի օրենքները, պաշտպանել ժողովրդավարությունը, մարդու հիմնարար իրավունքները, ինքնիշխանությունը, անկախությունն ու պետության տարածքային ամբողջականությունը», – երդմնակալության ժամանակ հայտարարել է Սանդուն՝ ձեռքը պահելով հանրապետության Սահմանադրության վրա։

Մայա Սանդուն հաղթանակ է տարել նոյեմբերի 3-ին կայացած Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որում ստացել է ընտրողների ձայների 55,35%-ը։ Սանդուն առաջադրվել է «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից:

Առաջին անգամ քաղաքական գործիչը նախագահ է դարձել 2020 թվականին՝ ընտրությունների երկրորդ փուլում հաղթելով Մոլդովայի նախկին ղեկավար Իգոր Դոդոնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել