Մի քանի դիտարկումներ, թե ինչ է կատարվում Մեծ Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում: Կան տեսակետներ, որ Սիրիայում ԱՄՆ-ի նպատակն Ասադին իշխանությունից հեռացնելն է, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը թուլացնելը: Չժխտելով հանդերձ Ասադին իշխանությունից հեռացնելու ԱՄՆ-ի նպատակը՝ նշենք, որ ԱՄՆ-ի մյուս նպատակը ոչ թե սոսկ Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացումն է Սիրիայում, այլև ՌԴ-ին, Իրանին, ինչպես նաև Թուրքիային Սիրիայում երկարատև և հյուծիչ-ճահճային պատերազմի մեջ ներքաշելն այն հաշվարկով, որ այդ պատճառով նշված պետությունները մեծապես տուժեն, թուլանան, նրանց ներքին կայունությունը սասանվի, և տապալվեն իշխող վարչակարգերը:
ԱՄՆ-ի նպատակները չեն սահմանափակվում սոսկ վերը նշվածներով, քանի որ ԱՄՆ-ն նպատակ ունի նաև ժամանակ շահելու` Սիրիայում ահաբեկչական տարբեր կազմակերպություններին զինելու և ակտիվացնելու համար, Սիրիան մասնատելու, բաժանելու մի քանի հատվածի, տիրելու նավթով հարուստ շրջաններին կամ դրանք ընծայելու իր հարազատ եղբորը` Իսրայելին, և ավելին: Սիրիայում նոր ու դեռ լիովին չավարտված նախորդից թերևս էլ ավելի արյունահեղ պատերազմի պայթուցիչը պայթեցնելու համար ԱՄՆ-ին պետք եղավ ընդամենը Սիրիայի քրդերին լավ զինել, Սիրիայի տարածքում անկախ պետություն հռչակելու նրանց ցանկությանն աջակցելու խոստումներ տալ, օգտագործել նրանց այդ ցանկությունը և քրդերին ընդհանրապես: Որքան էլ նրանք կոտորվեն սկսված ու գնալով թափ հավաքող պատերազմում, ԱՄՆ-ի ղեկավարության հոգը չէ, տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարավոր քրդերի կյանքը ԱՄՆ-ի նախագահի ու մյուս ղեկավարների համար նույնիսկ ցենտի արժեք չունի: Բարոյականությունը նրանց համար զրոյի արժեք ունի, սակայն Սպիտակ տանը և Պենտագոնում, ինչպես նաև վերազգային այն կառույցում, որը որոշում ու թելադրում է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, հաշվարկել շատ լավ գիտեն:
Սիրիայում քրդերը մեծությամբ երկրորդ էթնիկ խումբն են․ նրանց թիվը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է ավելի քան 2 միլիոնի: Այստեղ «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ ծավալվող պատերազմում քրդերն ինչպես օրինականորեն ձեռք բերված, այնպես էլ տարբեր կողմերից խլված զենքերով հասցրել են բավական լավ զինվել: ԱՄՆ-ն վերջերս նրանց էլ ավելի լավ է զինել` ուղարկելով առնվազն 5000 բեռնատար և 2000 ինքնաթիռ արդիական զենք ու զինամթերք:
ԱՄՆ-ի պատճառաբանության համաձայն՝ դա կօգնի պայքարելու ԻՊ դեմ: Սակայն այս պատճառաբանությունը կեղծ է, քանի որ այդ դեպքում ԱՄՆ-ն նրանց զենք-զինամթերքի այդ խոշոր հատկացումը ոչ թե վերջերս, այլ ավելի վաղ կկատարեր, երբ Սիրիայում ԻՊ և ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ պատերազմն իր բարձրակետում էր, և ոչ թե հիմա:
Իրականում Միացյալ Նահանգներն իր վերոնշյալ քայլով նպատակ ունի երկու խնդիր լուծելու: Առաջինը` քրդերին համարձակություն ներշնչել, որ իրենք արդեն այնքան ուժեղ են, որ կարող են ձեռնամուխ լինել Սիրիայի տարածքում անկախ պետություն հռչակելու իրենց երազանքի իրագործմանը (մինչ հունվարի 19-ին պատերազմի սկսվելը, օրինակ, հիմնականում քրդաբնակ Աֆրինի շրջանը փաստացի չէր ենթարկվում Դամասկոսին): Եվ երկրորդ` եթե քրդերը նույնիսկ չհամարձակվեն ու չգնան այդ քայլին, ապա թեկուզ միայն քրդերի զինվածության կտրուկ աճով հարուցել նրանցից բխող սպառնալիքով պայմանավորված Թուրքիայի տագնապն ու սադրել վերջինիս ներխուժումն իրեն սահմանակից Սիրիայի քրդաբնակ շրջաններ:
Կարելի է ասել, որ այս վերջին նպատակի իրականացումն ԱՄՆ-ի համար երաշխավորված էր. եթե Թուրքիան նույնիսկ այս պահին քրդերի զինվածության կտրուկ աճի և Սիրիայի տարածքում քրդական պետության հռչակման էլ ավելի իրատեսական դառնալու պատճառով չներխուժեր Սիրիայի տարածք ու չսկսեր պատերազմը քրդերի դեմ, ապա դա անպայման անելու էր Սիրիայի տարածքում քրդական պետության հռչակումից հետո, որին պատրաստվում էին այնտեղի քրդերը:
Քրդական պետության հռչակումը նշանակում է Սիրիայի մասնատում և էական թուլացում, ինչին Դամասկոսը, բնականաբար, դեմ է լինելու և զենքի գործադրմամբ ընդդիմանալու է, ինչպես վարվեցին Իրաքի իշխանությունները, երբ այնտեղի քրդերն անկախ պետություն հռչակեցին: Սակայն Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակների միջև առկա են մի քանի էական տարբերություններ. նախ՝ Սիրիայի քրդերն անհամեմատ լավ են զինված, քան Իրաքի քրդերը: Երկրորդ՝ ի տարբերություն Իրաքի քրդերի՝ Սիրիայի քրդերն ունեն ԱՄՆ-ի ռազմական և այլ բնույթի աջակցությունը, և կասկածից դուրս է, որ անկախ պետության հռչակման և Սիրիայի բանակի հետ բախվելու դեպքում էլ ավելի մեծ չափերով են ստանալու այդ աջակցությունը: Երրորդ՝ ի տարբերություն 2011 թվականից սկսված արյունաքամ պատերազմի բովով անցած ու հոգնատանջ Սիրիայի բանակի՝ Իրաքի բանակն ավելի ուժեղ է, նույնը կարելի է ասել նաև պետության մասին, քանի որ, ի տարբերություն Իրաքի, Սիրիան գրեթե լիովին ավերված է ու տնտեսապես թույլ: