
Գրիգորի Ռասպուտինը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել շնորհիվ Նիկոլայ II ցարի ընտանիքի հետ ունեցած մտերմության: Պետերբուրգյան հասարակությունը նրան անվանում էր «մարգարե», «ծեր ճգնավոր», «ցարի ընկեր», «հեքիմ»: Սիրված լինելու պատճառով նա ակնհայտորեն առանձնանում էր «Աստծո մնացյալ մարդկանցից»:
Արտասովոր և ոչ դուրեկան արտաքին ունեցող այս մարդու մասին շատ առասպելներ են հյուսվել, որոնցից մի քանիսն իսկապես համապատասխանում են իրականությանը, իսկ մյուսները բացարձակապես հորինվածքներ են: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Գրիգորի Ռասպուտինն այլ ազգանուն է ունեցել
Այո։ Գրիգորի Նորերի-Ռասպուտին նա անվանվել է իր իսկ խնդրանքով, որով դիմել էր Նիկոլայ II-ին: «Պոկրովսկոյե գյուղում ապրելով՝ ես կրում եմ Ռասպուտին ազգանունը: Միաժամանակ մյուս գյուղացիների մեծ մասը նույն ազգանունն է կրում, ինչը հաճախ թյուրիմացություններ է առաջացնում»,- բացատրել է 1906 թ. դեկտեմբերի 15-ին հենց ինքը՝ Ռասպուտինը: Հնարավոր է նաև, որ նա ցանկանում էր նեյտրալացնել այն ասոցիացիաները, որոնք առաջանում էին մարդկանց մոտ Ռասպուտին ազգանունն արտաբերելիս:
Ռասպուտինը կանանց հետ շփվելիս աներևակայելի հաջողությունների էր հասնում
Այո։ Բազմաթիվ վկայություններ ցույց են տալիս, որ Ռասպուտինին շրջապատում էին անհամար երկրպագուհիներ, այդ թվում՝ նաև հայտնի ու ազդեցիկ կանայք: Կանայք պնդում էին, որ արտաքնապես տհաճ ու արտասովոր տղամարդը չափազանց խարիզմատիկ և գրավիչ էր: Հասարակության համար անհասկանալի և անընդունելի էր այն փաստը, որ նա իր երկրպագուհիների հետ միասին գնում էր բաղնիքներ և քնում նրանց հետ, սակայն նա վստահեցնում էր, որ այդ եղանակով կանանց ազատում էր մեղքերից:
Ռասպուտինը վանական կամ քահանա էր
Ոչ։ Ծեր ճգնավորի դուստրը 1919 թ. պատմել է. «Թվում էր՝ նա մտադրություն ուներ մենաստան գնալու, այնուհետև մտափոխվեց: Ասում էր, որ նրան հոգեհարազատ չէ մենաստանի կյանքը, որ վանականները բարոյական կյանք չեն վարում, և որ ավելի լավ է աշխարհիկ կյանքում հոգու փրկություն փնտրել: Պետդումայի նախագահ Միխայիլ Ռոդզնյակոն կայսրին վրդովմունքով հայտնել է, որ Ռասպուտինը, չունենալով արժանապատվություն, կրում է քահանայի խաչ: Գրիգորիի հետևորդները նրան անվանել են «ծեր ճգնավոր»՝ հոգևոր ուսուցիչ, ինչպիսին կարող էր նաև աշխարհիկ մարդը լինել:
«Ծեր ճգնավորը» կարողացել է բուժել ցեսարևիչ Ալեքսեյին հեմոֆիլիայից
Այո։ Սա ապացուցելու համար բազմաթիվ փաստեր գոյություն ունեն: Ուսումնասիրողները կարծում են, որ նրան դա անել հաջողվել է հիվանդին ներշնչելով: Ըստ գենետիկ Ջոն Հոլդեյնի՝ եթե հիպնոսային տեխնիկա կիրառելու միջոցով հնարավոր լինի սթրեսը դուրս հանել հիվանդի միջից, ապա դա կարող է հանգեցնել արյան անոթների նեղացման, հետևաբար նաև՝ արյան շրջանառության նվազման: Պրոֆեսոր Ալեքսանդր Կոցյուբինսկիյը կարծում է, որ Ռասպուտինը ցեսարևիչին ներշնչել է միտքն այն մասին, որ վերջինիս վիճակը գնալով լավանում է, ինչպես նաև հանգստացրել է տղայի հարազատներին, որի արդյունքում էլ կարողացել է օգնել նրանց հաղթահարել հոգեկան ճգնաժամը:
Ռասպուտինն աղանդավոր էր
Ոչ։ «Աստված վկա, ես ամեն օր եկեղեցի եմ այցելում, մեղքերի թողություն եմ խնդրում, աղոթում եմ», - ասում էր ծեր ճգնավորը: Սակայն շատերը մեղադրում էին նրան աղանդավորության մեջ նրա բուսակերության և հատկապես երկրպագուհիների հետ բաղնիքներ այցելելու պատճառով: Կրոնաբան Սերգեյ Ֆիրսովը կարծում է, որ մարդկանց շփոթության մեջ է գցում այն, որ Ռասպուտինը շփվում էր նաև կրոնական ազատամարտիկների հետ, որոնցից էլ, ըստ էության, նոր մտքեր էր սովորում: Աղանդավոր լինելու համար Ռասպուտինը շատ անկախ ու եսակենտրոն էր:
Ռասպուտինն անկիրթ էր
Այո։ Ըստ Ռասպուտինի ժամանակակիցների խոսքերի՝ ծեր ճգնավորը գումարն այսպես էր հաշվում. «Երկու հարյուր ռուբլի, երեք հարյուր ռուբլի», այնուհետև միանգամից անցում էր կատարում «հազարավորներին»: Նա ինքնուրույն էր գրել սովորել, սակայն չէր տիրապետում ո՛չ լեզվի ուղղագրությանը, ո՛չ կետադրությանը: Ռասպուտինի երկու գրքերը գրվել են թելադրության միջոցով և հատուկ եղանակով խմբագրվել են:
Ծեր ճգնավորը կայսրուհու սիրեկանն էր
Դժվար թե։ 1912 թ. պատգամավոր Գուչկովը հրապարակեց կայսրուհու գրած նամակը Ռասպուտինին. «Ես հոգեպես հանգիստ եմ զգում, խաղաղվում եմ միայն այն ժամանակ, երբ դու, ուսուցի՛չ, իմ կողքին ես նստած, իսկ ես համբուրում եմ քո ձեռքերը, իսկ գլուխս թեքում եմ քո օրհնված ուսերին»: Սակայն միևնույն ժամանակ ամրոցի գլխավոր թիկնապահ Ալեքսանդր Սպիրիդովիչը հայտնել է. «Միայն նրանք, ովքեր չեն ճանաչում կայսրուհուն, նրա վեհ հոգին ու բյուրեղյա մաքուր ընտանեկան կյանքը, ինչպես նաև սկանդալների ու ողբերգությունների սիրահարները կարող են այս նամակում սեր տեսնել»: