Ռուսաստանում բավականին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում նախագահական ընտրությունների նախաշեմին։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնառաջադրվում է, հետևաբար դա նշանակում է, որ իշխանությունը պետք է զբաղվի նրա առաջադրումը կազմակերպելու գործընթացով։ Դա, իմիջիայլոց, արդեն իսկ տեղի է ունենում։ Այս ընտրություններում Պուտինը յուրատեսակ իներտությամբ է աչքի ընկնում, որը պայմանավորված է մի քանի գործոններով։ Առաջինն աշխարհակարգն է, նրա սահմանած մարտահրավերները, որոնք բավականին իմպուլիսվ են զարգանում, ու գուցե Պուտինը չի հասցնում հարմարվել նրանց։ Ռուսաստանն առնվազն երկու խոշոր ռազմական գործողությունների արդյունքում այսօր առավել քան թուլացած է։ Երկրորդը ներքաղաքական դրությունն է, որը գուցե արտաքուստ հանգիստ է, սակայն նույն աշխարհակարգի ու հասարակության ներսից եկող ազդակների պատճառով դառնում է բավականին բարդ, բարդ, բայց ոչ անվերահսկելի։ Էլիտայի ներսում շահերի բախումը գնալով դառնում է ավելի ցայտուն, և եթե նախկինում դա հաջողվում էր զսպել արտաքին թշնամու առկայությունը նշելով, հիմա կարծես թե դա էլ չի աշխատում։ Պատճառը հենց նույն արտաքին թշնամու դեմ մղվող պայքարի արդյունքում վճարված գինն ու ռեսուրսներն են, դրան գումարած՝ պատժամիջոցները։ Խնդիրները գնալով շատանում են, իսկ հանրությունն աստիճանաբար իշխանություններից, ավելի կոնկրետ՝ Պուտինից, ակնկալում է առարկայական արդյունքներ։ Նախկինում դա նրան հաջողվում էր, որովհետև մինչև երկրորդ նախագահության ավարտը Պուտինը մի քանի տարի անընդմեջ տարին երկու անգամ ավելացնում էր մարդկանց աշխատավարձն ու թոշակները։ Արդեն ուկրաինական ճգնաժամից ու Ղրիմի բռնակցումից հետո նրա վարկանիշն աճեց երկրի ներսում առավել, քան երբևէ։ Այս ընտրություներում, սակայն, նախկին 70 տոկոս աջակցություն ապահովելը բավականին բարդ է լինելու։ Ֆավորիտի հարցում կարծես թե կասկած չկա։ Վլադիմիր Պուտինը հաղթելու է ընտրությունները, սակայն այստեղ հարցը հետևյալն է՝ ինչքա՞ն կլինի մարդկանց մասնակցությունը ընտրություններին, ու ինչ առավելությամբ կհաղթի Պուտինը։ Հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ միջազգային հանրության տրամադրվածությունը՝ կարելի է արձանագրել, որ ընտրություններից հետո աժիոտաժը դրա շուրջ չի դադարելու։ Ընտրությունները համարվելու են կեղծված կամ աղմկահարույց, ու սկսվելու է Պուտինի կառավարման ամենաբարդ ժամանակաշրջանը, քանի որ արևմուտքը դառնալու է ավելի հաստատակամ, ու շատ հնարավոր է՝ չեզոք գոտում մղվող ռուս-ամերիկյան հակամարտությունը տեղափոխվի արդեն Ռուսաստանի տարածք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=342243959611876&id=100014788247740
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել