Ռուս պրանկերներ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) ու Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով)՝ ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի  գլխին դրածը էական է ոչ միայն եկեղեցու շուրջ տեղի ունեցողի էությունը հասկանալու առումով, այլև հայ-ռուսական, ավելի ճիշտ՝ Նիկոլի ու Կրեմլի միջև գոյութուն ունեցող հարաբերությունների մասին պատկերացում կազմելու իմաստով:
 
Սա նշանակում է  մի բան՝ Նիկոլին ոչ միայն չի հաջողվել խոստման համաձայն կարգավորել ՌԴ-ի հետ ունեցած կնճռոտ խնդիրները, այլև առանց այն էլ բարդ վիճակն ավելի է  խորացել: Կրեմլը փաստացի Նիկոլի մեջքի հետևում երկխոսություն է վարում հայ հասարակության հետ՝ ցույց տալով, թե այս տարիներին տեղի ունեցողի արմատը որտեղ է, ով է ներհայաստանյան խայտառակ գործընթացները «ռուլիտ անում»: Տեղի ունեցածով Ռուսաստանն ապալեգիտիմացրել է Նիկոլի «հաղթանակը»՝ հասկացնելով, որ նրա ռուաստանյան այցը ոչինչ չի նշանակում՝ չնայած այն կանխատեսումներին, որ Մոսկվան «զենքերը վայր կդնի» ու ՔՊ-ի հետ էլի կաշխատի: Կաշխատեն, անկասկած, բայց այդ աշխատանքը երբեք արդյունավետ չի լինի նախևառաջ Հայաստանի համար: Գուցե Նիկոլի երեսին ժպտան, բայց վա՜յ այդ ժպիտին:
 
Սա, իհարկե, նաև մեսիջ է՝  ընդդիմությանը. Մոսկվան ցույց է տալիս, որ պատրաստ է ակտիվորեն աջակցել՝ ընդդիմանալու Հայաստանի թրքացմանը, որ նախևառաջ հարված է՝ Կրեմլի աշխարհաքաղաքական շահերին: Այլ հարց, թե  ինչ տեսք կարող է ստանալ իշխանություններին ընդդիմանալը, կամ արդյոք մանդատները վերցնելն ու ընտրությունների արդյունքները դե ֆակտո լեգիտիմացնելը կարող է դիմադրություն համարվել, թե՝ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել