Վաշինգտոնի կողմից Երուսաղեմը որպես Իսրայել պետության մայրաքաղաք պաշտոնապես ճանաչման, ինչպես նաև Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան իրավական, իրավաքաղաքական գործընթացը չի սահմանափակվում Թրամփի հայտարարությամբ։ Նախագահ Դ. Թրամփի հայտարարությունից հետո միջազգային հանրության ճնշումը և հատկապես Մերձավոր Արևելքում ապակայունացման միտումները թերևս կդրդեն ԱՄՆ Կոնգրեսին առավել կշռադատված որոշում ընդունել և ժամանակավորապես սառեցնել երկրի նախագահի որոշումը։ Ավելին՝ թեև նախագահ Թրամփը դիմել է ԱՄՆ պետդեպարտամենտին սկսել ամերիկյան դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխման գործընթացը, այդուհանդերձ, պետդեպարտամենտը չի շտապում այդ հարցում։ ԱՄՆ պետդեմարտամենտը խորհուրդ է տվել Թել Ավիվում տեղակայված ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին առաջիկա երկու շաբաթների ընթացքում միայն խիստ անհրաժեշտության դեպքում այցելել Երուսաղեմ։ Կարծում եմ՝ պաղեստինյան-արաբական և մուսուլմանական ճակատը նոր դիմադրություն ցուցաբերելով՝ կերկարաձգի պետդեպարտամենտի վերոնշյալ հայտարարության տրամաբանությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: