Եմենի նախագահի սպանությունը հոուսիթների կողմից Արաբական թերակղզու այդ հատվածում իրավիճակն էլ ավելի է սրելու. ներքին հակամարտությանը, կլանային և ցեղային պայքարին միանալու է նաև Իրան-Սաուդյան Արաբիա proxy war-ը։ Հոուսիթները հենվելու են իրանական հատուկ ծառայությունների, պահապանների գնդի ռազմա-քաղաքական, ֆինանսական հզորությունների վրա, իսկ տեղի սուննիական ուժերը` Սաուդյան Արաբիայի ու Ծոցի միապետությունների, որոնք արաբական կոալիցիայի դրոշի ներքո պատերազմում են Եմենում։
Սաուդյան Արաբիան չի ցանկանում, որպեսզի Եմենը, որն ունի ռազմավարական դիրք Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտակայքում, ինչպես նաև հարևան է Սաուդյան Արաբիային, ընկնի Իրանի ազդեցության տիրույթ։ Այդ պարագայում Սաուդյան Արաբիան բոլոր կողմերից շրջափակվելու է շիայական առանցքով։ Իրաքում ուժեղացել են շիաների դիրքերը, Բահրեյնում`բնակչության մեծամասնությունը շիա են, Սիրիայում հաղթում է ՌԴ-Իրան-Ասադ-Հզբոլահ կոալիցիան, բացի այդ՝ Սաուդյան Արաբիայի արևելյան նահանգները, մասամբ նաև հարավայինները, հիմնականում շիաբնակ են։
Փաստորեն՝ Եմենը կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի` «շիայական» առանցքի շուրջ սեղմվելու օղակի վերջին հատվածը։
Սաուդյան Արաբիան շարունակելու է ռմբակոծել Եմենն` օգտագործելով իր և դաշնակիցների ողջ ներուժը` ռազմական, ֆինանսավորելով տեղի սուննիական ուժերին, ինչը, սակայն, Եմենի բնակչության համար կարող է ունենալ աղետալի հումանիտար հետևանքներ` սով, հիվանդություններ, արտագաղթի ալիքներ, իսլամիստական նոր կազմակերպությունների առաջացում և հզորացում քաղաքացիական պատերազմի ֆոնին ու Ծոցի երկրների ֆինանսական աջակցությամբ։
Իրանն ու Սաուդյան Արաբիան, ուղիղ ռազմական գործողություններ չսկսելով միմյանց դեմ, դա անում են միջնորդավորված, ավելի փոքր խաղացողների ձեռքերով, տարբեր «խաղատախտակներում», որոնցից մեկն էլ Եմենն է։