Թուրքական Roketsan ընկերության և Ադրբեջանի միջև մոտակա ժամանակներս պայմանագիր կկնքվի, ինչի շնորհիվ Բաքուն այդ ընկերությունից արդի հրթիռային համակարգեր կգնի։ Այդ մասին հայտարարել է ընկերության մենեջեր Բարբարոս Իզգյունը։
Նշվում է, որ Ադրբեջանը հետաքրքրված է փոքր և միջին հեռահարության SOM-A թևավոր հրթիռներով, որոնք ունեն GPS, ինչպես նաև TRN (Terrain Reference Navigation) համակարգեր։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին` տրամադրելով իր ռազմական արդյունաբերության զինանոցը Բաքվին։ Հասկանալի է, որ զինատեսակներն օգտագործվելու են Արցախի դեմ։
Հիշեցնենք, որ թուրք ինժեներները երկրի ԶՈւ-ի համար մշակել են L-UMTAS հրթիռը, որն ունի լազերային նշանառություն։
Նշում են, որ շուտով նման հրթիռներով կզինվեն թուրքական արտադրության հարվածային ATAK ուղղաթիռները։
Նախագիծն իրականացվել է թուրքական Roketsan ընկերության կողմից, նոր հրթիռների փորձարկումները հաջող են եղել։ «Նոր հրթիռների շնորհիվ աճել է Թուրքիայի ՌՕՈւ հզորությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշիկը։
«Օդ-ցամաք» կամ «ցամաք-ցամաք» տեսակի L-UMTAS հրթիռը կարող է օգտագործվել 8 կմ շառավղի վրա գտնվող զրահատեխնիկան ոչնչացնելու համար։ Լազերային նշանառության շնորհիվ նոր հրթիռը հնարավոր կլինի օգտագործել գիշերային ժամերին։
Թուրքական մամուլը հայտնել է, որ Ադրբեջանն ATAK նոր ուղղաթիռների առաջին պատվիրատուներից է եղել։ Թուրքական TAİ ընկերությունն Ադրբեջանին է վաճառելու 60 Т-129 «АТАК» ուղղաթիռներ: Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանն որոշել է ուժեղացնել իր ռազմա-օդային ուժերն ու Թուրքիայից գնել 60 ATAK ուղղաթիռներ։
Ադրբեջանը, իսրայելական հակատանկային Spike համակարգից բացի, որը կիրառվել էր Ղարաբաղում Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում, ցանկանում է գնել նաև թուրքական հակատանկային համալիրներ (հակատանկային համակարգեր Բաքուն գնել էր նաև Մոսկվայից):
Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի կախվածության մեջ գտնվել միայն մեկ երկրից՝ Իսրայելից կամ ՌԴ-ից, որի հետ բավականին սերտ ռազմա-տեխնիկական կապեր կան, այդ թվում՝ հրթիռային, ՀՕՊ համակարգերի, անօդաչուների գնման հարցերում: Անկարան կարող է իր ռազմա-տեխնիկական փորձով ու նորարություններով կիսվել Ադրբեջանի հետ ու այդ նոր զենքերը կիրառել՝ փորձարկել ղարաբաղյան ճակատում: Հնարավոր է, որ այդ զենքերը կառավարելու են թուրքական զինված ուժերի սպաներն ու հատուկ պատրաստված մասնագետները: Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության Altay տանկերի և Anka ԱԹՍ-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով։ Չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում, և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու:
Ադրբեջանը Spike և թուրքական հակատանկային համալիրներով փորձում է ուժեղացնել իր հակատանկային պաշտպանությունը՝ հայկական զինված ուժերի տանկային հնարավոր հակագրոհներից (танковый прорыв) ռազմական գործողություններն Ադրբեջանի խորքերը տեղափոխելը կանխելու համար:
Հակատանկային պատնեշ ստեղծելով՝ Բաքուն ցանկանում է սահմանափակել ու թույլ չտալ հայկական զինված ուժերի դուրս գալն օպերատիվ խորություն՝ Քուր-Արաքսյան դաշտավայր ու տանկերի, զրահապատ այլ մեքենաների խոցումը «վստահել» ինֆրակարմիր գլխիկներով իսրայելական ու թուրքական հակատանկային հրթիռային համալիրներին (դրանք գործում են fire and forget (выстрелил-забыл) սկզբունքով):