Ամփոփելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասիական շրջագայությունը՝ կարող ենք որոշակի եզրակացություններ անել։ Ըստ էության՝ ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին՝ ԱՄՆ նախագահն արձանագրում է, որ նախընտրական շրջանում որդեգրած դիրքորոշումներն աստիճանաբար կյանքի է կոչելու, սակայն փորձում է այդ հարցերին մոտենալ փոքր-ինչ այլ տեսանկյունից։
Թրամփը Ճապոնիայում հանդիպեց այդ երկրի վարչապետին, հետո եղավ Հարավային Կորեայում, Չինաստանում և Վիետնամում ավարտեց իր ուղին, որտեղ տարածաշրջանային այցերի ժամանակ մի շարք կարևոր հարցեր քննարկվեցին։ Չինաստանի առաջնորդ Սին Ցզիպինի հետ հանդիպման մեջ Ամերիկայի ու Չինաստանի հարաբերություններում առաջացած վակուումի համար Թրամփը շտապեց մեղադրել երկու երկրների նախկին վարչակազմերին՝ համարելով, որ ճիշտ չեն կառուցել հարաբերությունները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում, ու եկել է ժամանակը այն շտկելու։ Եթե հաշվի առնենք, որ նախընտրական շրջանում Թրամփը Չինաստանին համարում էր ԱՄՆ-ի ամենամեծ գլխացավանքներից մեկը, եթե ոչ ամենամեծը, ապա այժմյան հռետորաբանությունը զգալիորեն տարբերվում է նրանով, որ այժմ Թրամփը հնարավորություն է փնտրում հարցը ավելի դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար։ Չինաստանը ՀՆԱ-ի պոտենցիալով հավակնում է շատ շուտով դառնալ աշխարհում առաջին պետությունը, հետևաբար այս երկրի հետ հաշվի չնստելը նշանակում է պարզապես գնալ արկածախնդրության։ Թե իրականում ինչի շուրջ են պայմանավորվել, և ինչի շուրջ դեռ հակասություններ կան Չինաստանի հետ հարաբերություններում, պարզ կդառնա առաջիկայում, սակայն միայն այն, որ Թրամփը բավականին մեղմ է արտահայտվում, ի տարբերություն թեկուզ անցյալ տարվա իր բառապաշարի, նշանակում է, որ փոփոխություն կա այս երկրների հարաբերություններում։