Հայաստանի ներքաղաքական կյանքում թեժ, բայց քողարկված դիմակայություն է։ Ուինսթոն Չերչիլն այսպիսի իրավիճակը դիպուկ բնութագրել էր որպես «գորգի տակ ընթացող արյունալի գզվրտոց, որի ժամանակ այդ գորգի տակից մերթընդմերթ դիակներ են շպրտվում»։

Այս դիմակայության առերևույթ դրսևորումների կիզակետը դարձել է ԱԺ-ն ու դրա հարակից տարածքը, որը վաղուց այսքան քաղաքականացված չէր եղել ու կրքերով լի։ Երեկ մի զվարճալի կատակ տեսա Ֆեյսբուքում, ասում է՝ Հայաստանում կա միայն մեկ մոլի ընդդիմություն՝ Առինջ մոլինը։ Վերջին օրերին մենք տեսնում ենք, թե ինչպես են գորգի տակի երկու ամենախոշոր «մարտիկներն» իրար բախվում ԱԺ ամբիոնից ու ԱԺ ցանկապատի դիմացի մայթից։ Դա արտահայտվում էր նրանով, որ մեկ ասպարեզ էին դուրս գալիս մոլի ընդդիմադիրները, ինչին անմիջապես հետևում էր ԵԼՔ-ի գերագույն գլխավոր զորավար ու ռազմական գործի մեծ փորձագետ Նիկոլի ու յուր թիմակիցների հակահարվածը։ Եվ հակառակը՝ ԱԺ-ի մոտ էին գալիս դասադուլ անող ուսանողները, և անմիջապես հետևում էին «այլընտրանքային» ուժի ներկայացուցիչների բոցաշունչ ելույթները՝ երկրում իրականացվող անարդյունավետ տնտեսական ու հարկային քաղաքականության վերաբերյալ։

Այսօր ուժերի միջև գործող պարիտետը կարծես թե խախտվեց, ու ակնհայտ է դառնում, որ զորավար Նիկոլի խաղաքարտը գնալով ավելի ու ավելի է թուլանում, իսկ մոլի ընդդիմադիրների օրակարգը գնալով ավելի է ակտուալիզացվում։ Հայտնի չէ դեռ, թե ինչ ընթացք կունենա այս դիմակայությունը, ու որքանով է կողմերից մեկի թուլացման դինամիկան անփոփոխ մնալու, սակայն ցավալի է հետևել, թե ինչպիսի արագությամբ է ԵԼՔ-ը փոշիացնում իր քաղաքական կշիռն ու պոտենցիալը։ Եթե ավելի ուժեղների սազանդար լինելու այս ռազմավարությունը չվերանայվի, ապա ԵԼՔ-ը նույնիսկ ավելի արագ կզրոյացնի իր քաղաքական կապիտալը, քան դա արեց ՀԱԿ-ը։ Ընդ որում՝ էական էլ չէ, թե ինչ ավարտ կունենա «գորգի տակի մենամարտը», որովհետև նման ռազմավարությամբ ԵԼՔ-ը, միևնույն է, լինելու է գորգի տակից դուրս նետված քաղաքական դիակների թվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել