Բաքվում Էրդողան-Ալիև հանդիպումից հետո կայացել է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս փաստաթղթերի թվում կարևորություն են ներկայացնում արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը, ինչպես նաև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։
Թուրք-ադրբեջանական կապերը շնորհիվ արտոնյալ առևտրային ռեժիմի մասին համաձայնագրի կարող են բարձրանալ (հատկապես տնտեսական ոլորտում) որակապես նոր մակարդակի։ Թուրքիան արդեն իսկ արտոնյալ պայմաններ է ստեղծել` չեղարկել է մաքսատուրքերը Նախիջևանից Թուրքիա ներկրվող մի շարք անուն ապրանքների նկատմամբ։
Այժմ էլ Ադրբեջանի համար Անկարան բացելու է իր 80 միլիոնանոց անընդհատ աճող շուկան (ադրբեջանական արտադրանքը կարող է արտոնյալ պայմաններով հայտնվել թուրքական շուկայում), ինչը Բաքվին կարող է հնարավորություն տալ աստիճանաբար փոխելու տնտեսական զարգացման նավթագազային մոդելն արդյունաբերական-վերամշակող մոդելի։
Նավթագազային ոլորտից ստացվող միլիարդավոր դոլարները Բաքուն ուղղում է լոգիստիկայի զարգացմանը` Բաքու-Թբիլիսի-Կարս, ТАNAP, Ալյաթ նոր նավահանգստի շինարարություն Կասպից ծովի ափին, Հյուսիս-Հարավ միջանցք` Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության համատեքստում, ՌԴ-Ադրբեջան սահմանին նոր կամրջի շինարարություն և դեպի Վրաստան, Իրան և ՌԴ ավտոմայրուղիների արդիականացման ծրագիր։ ԵԱՏՄ-ին անդամակցելու փոխարեն Ադրբեջանն ավելի սերտ կապեր է հաստատում երկկողմ մակարդակով եղբայրական Թուրքիայի հետ, ինչպես նաև ԵԱՏՄ-ի անդամ ՌԴ-ի, Ղազախստանի, ՎՈՒԱՄ-ի շրջանակներում` Ուկրաինայի, Վրաստանի և այլն, ինչպես նաև Իրանի հետ` երկաթգծային և այլ ներդումային ծրագրերով դուրս գալով իրանական 80 միլիոնանոց շուկա։
Ադրբեջանը վերածվում է տրանսպորտային միջանցքների խաչմերուկի` Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ ուղղություններում և զուտ նավթ ու գազ արտահանող երկրից վերածվում տարանցիկ երկրի` թե՛ երկաթգծային, ավտոմոբիլային, թե՛ ղազախական և թուրքմենական նավթն ու գազը իր խողովակային լոգիստիկայով դեպի Արևմուտք արտահանելու առումներով։
Ինչ վերաբերում է Բաքվում ստորագրված երկրորդ փաստաթղթին` Անկարա-Բաքու ռազմա-տեխնիկական համագործակցությունը, նույնպես մեկ քայլ առաջ է գնալու։ Թուրքական ռազմաարդյունաբերական բավականին զարգացած համալիրը սպասարկելու է Բաքվի շահերը. ղարաբաղյան մոտալուտ պատերազմի ֆոնին դա շատ լուրջ ահազանգ է։
Նշենք, որ մինչև 2023թ.-ը` Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, Թուրքիան կդադարի կախվածություն ունենալ արտասահմանյան զենքերի մատակարարողներից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ և ռազմա-տեխնիկական կոոպերացիայի մեջ գտնվելով Դաշինքի անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի հետ, ցանկանում է նվազեցնել իր ռազմական կախվածությունն ու դառնալ ինքնաբավ, իր արտաքին քաղաքականությունը ինքնուրույն սպասարկել նաև ռազմական մեթոդներով. հավանաբար Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը` քրդական ապագա պետության դեմ պայքար և այլն, ստիպում են մտածել «դաշնակիցներից» կախվածության թուլացման մասին։
Անկարան արդեն այսօր արտադրում է մի շարք զիտանեսակներ` հրթիռներ, ուղղաթիռներ, անօդաչուներ, ռազմածովային ուժերի համար նավեր և այլն, Էրդողանն էլ ցանկանում է ռազմա-արդյունաբերական համալիրը դարձնել Թուրքիայի տնտեսության շարժիչներից մեկն ու ապագայում այդ ռազմական արտադրանքը վաճառել դաշնակիցներին թե՛ արաբական աշխարհում, թե՛ թյուրքական աշխարհում` նվազեցնելով այդ երկրների կախվածությունը ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Իսրայելից և այլն։
Վերջերս թուրք ինժեներները երկրի ԶՈւ-ի համար մշակել են L-UMTAS հրթիռը, որն ունի լազերային նշանառություն։ Նշում են, որ շուտով նման հրթիռներով կզինվեն թուրքական արտադրության հարվածային ATAK ուղղաթիռները։
Նախագիծն իրականացվել է թուրքական Roketsan ընկերության կողմից, նոր հրթիռների փորձարկումները հաջող են եղել։ «Նոր հրթիռների շնորհիվ աճել է Թուրքիայի ՌՕՈւ հզորությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշիկը։
«Օդ-ցամաք» կամ «ցամաք-ցամաք» տեսակի L-UMTAS հրթիռը կարող է օգտագործվել 8 կմ շառավղի վրա գտնվող զրահատեխնիկան ոչնչացնելու համար։ Լազերային նշանառության շնորհիվ նոր հրթիռը հնարավոր կլինի օգտագործել գիշերային ժամերին։
Թուրքական մամուլը հայտնել է, որ Ադրբեջանն ATAK նոր ուղղաթիռների առաջին պատվիրատուներից է եղել։ Թուրքական TAİ ընկերությունն Ադրբեջանին է վաճառելու 60 Т-129 «АТАК» ուղղաթիռներ: Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանն որոշել է ուժեղացնել իր ռազմա-օդային ուժերն ու Թուրքիայից գնել 60 ATAK ուղղաթիռներ։
Ադրբեջանն իսրայելական հակատանկային Spike համակարգից բացի, որը կիրառվել էր Ղարաբաղում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում, ցանկանում է գնել նաև թուրքական հակատանկային համալիրներ (հակատանկային համակարգեր Բաքուն գնել էր նաև Մոսկվայից): Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի կախվածության մեջ գտնվել միայն մեկ երկրից՝ Իսրայելից (կամ ՌԴ-ից), որի հետ բավականին սերտ ռազմա-տեխնիկական կապեր կան, այդ թվում՝ հրթիռային, ՀՕՊ համակարգերի, անօդաչուների գնման հարցերում:
Անկարան կարող է իր ռազմա-տեխնիկական փորձով ու նորարություններով կիսվել Ադրբեջանի հետ ու այդ նոր զենքերը կիրառել, փորձարկել ղարաբաղյան ճակատում:
Հնարավոր է, որ այդ զենքերը կառավարելու են թուրքական զինված ուժերի սպաներն ու հատուկ պատրաստված մասնագետները: Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության Altay տանկերի և Anka ԱԹՍ-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով․ չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում, և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու: