Օրերս «Ժառանգություն» կուսակցության 15-ամյակի և ՀՀ անկախության 26-ամյակի կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը տոնական հանդիսություն էր կազմակերպել:
«Ժառանգության» տարեդարձը շնորհավորելու էին եկել «Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, հասարակական և քաղաքական այլ գործիչներ: Հետաքրքիր էր, որ Րաֆիի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառմանը ներկա չէին ՕՐՕ դաշինքի մյուս երկու կուսակցություններից և ոչ ոք: Լրագրողները Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվել էին, թե ՕՐՕ դաշինքի նրա գործընկերները ինչո՞ւ ներկա չեն, արդյոք նրանք հրավիրված չե՞ն եղել, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Մեր հարգելի գործընկերները հրավիրված էին, դուք պիտի իրենց հարցնեք»։ Ապա հավելել «Մենք պետք է հասկանանք՝ հնարավորություն ունե՞նք աշնանը կամ տարեգլխին առաջարկել ՀՀ հանրության մի նոր ձեւաչափ, նոր բովանդակություն, որը կնպաստի նրան, որ մենիշխանությունը կամ կուսակցական իշխանությունը այսպես չշարունակվի մեր երկրում»:
Իհարկե, մեկ անգամ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ապացուցել է, որ նրա նախաձեռնություններն անավարտ մնալու հակում ունեն, բայց այս անգամ ամեն ինչ արդեն զավեշտալի է: Դեռ մի քանի ամիս առաջ ՕՐՕ դաշինքը հայտարարում էր, որ եկել է միավորվելու և հեղափոխություն անելու ժամանակը, բայց ԱԺ ընտրություններում մանդատ չստանալուց հետո անմիջապես անցան ընդհատակ և մոռացան ազգը փրկելու իրենց վեհաշուք նկրտումները:
Չցանկանալով փչացնել ժառանգականների և Րաֆֆի Հովհաննիսյանի տրամադրությունը՝ կհորդորեի Րաֆֆուն և նրա սակավաթիվ կուսակիցներին մոռանալ մանդատները և փորձել արժանապատվորեն հեռանալ քաղաքական դաշտից, քանի դեռ վերջնականապես իրենց չեն արժեզրկել: