Այս գարնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում որևէ լուրջ տեղաշարժեր չարձանագրվեցին: Միայն վերջերս լուրեր տարածվեցին, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության խոշորացման գաղափար ունի: Այս մասին մասնավորապես խոսել էր Սուսաննա Մուրադյանը` նշելով, որ Րաֆֆին հանդիպումներ է ունենում ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական տարբեր ուժերի հետ:
Առաջին հայացքից թվում էր, թե այս պրոցեսը կարող է որոշակի ընթացք ստանալ և ակտիվացնել հետընտրական պայքարը, սակայն ժամանակը ապացուցեց հակառակը:
Մի շարք քաղաքական ուժեր, որոնցից են ՀՎԿ-ն,«Ժողովրդավարական հայրենիք» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ՀԱԿ-ը, հայտարարեցին, որ ընդդիմության խոշորացման նպատակով իրականացվող հանդիպումների չեն մասնակցել, իսկ ահա «Ժառանգության» ներկայացուցիչները չեն հայտնում, թե ում հետ են հանդիպել, ուստի հարց է առաջանում՝ այդ ում է հանդիպել Րաֆֆին, գուցե «անդրաշխարհում» գտնվող ինչ-որ ուժերի՞: Խոսակցություններ կան, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անգամ Հայաստանում էլ չէ:
Այս ամենից հետո կարելի է փաստել, որ «Ժառանգությունը» պարզապես բլեֆ է արել՝ հետընտրական շրջանում ակտիվության իմիտացիա ստեղծելու համար, սակայն դա իրեն չի արդարացրել, քանի որ մի շարք քաղաքական ուժեր այսպես ասած «պալիտ են արել» Ժառանգությանը՝ դնելով անհարմար իրավիճակի մեջ: