Օրերս «Սասնա ծռեր» խմբավորման թիմը հանրությանը ներկայացրել էր ճանապարհային քարտեզ: Դրանում անդրադարձ էր կատարվում Սասնա Ծռերի կողմից իրականացվելիք քայլերին։
Կարող էր կարծիք ձևավորվել, որ դա իշխանափոխության ծրագիրն է, սակայն, ինչպես պարզ է դառնում, նոր ճանապարհային քարտեզը նախատեսված է իշխանափոխությունից հետո անցումային կառավարության ձևավորման և կառավարման երկու տարիների համար:
Այստեղ կարող է հարց առաջանալ. իսկ այդ դեպքում ինչպե՞ս է իրականացվելու իշխանափոխությունը։ Կա՞ արդյոք հստակ ժամանակահատված, սահմանվա՞ծ են արդյոք քայլերի հաջորդականությունը, թե ոչ։ «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ ընդվզման պահեր ուշ կամ շուտ լինելու են: Ինչպես երևում է, քաղաքական խորհուրդը չունի իշխանափոխության հստակ օրակարգ և սպասում է երջանիկ պատահականության:
Այստեղ տեղին է հիշել «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հայտնի դրվագը, երբ հերոսներից մեկը ասում է. «Երբ կժամանի Նատալիան, ես իմ տղամարդկային խոսքը կասեմ...»: Ի դեպ, ինչպես ցույց տվեցին հետընտրական զարգացումները, «Նատալիային» սպասելու Ծռերի հեռանկարը բավականին մշուշոտ է: