Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպումներ են ունենում ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ և արդյունքների մասին կտեղեկացնեն սեպտեմբերին։ Այսօր ՀՀ մի քանի ուժեր հերթով հերքում էին ու պնդում, որ Րաֆֆին իրենց հետ չի հանդիպել։ Հայտարարությունից մեկ օր անց, սակայն, Սուսաննա Մուրադյանը նշել է, թե ինչ բանակցությունների մասին է խոսքը, եթե նախկին դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին Արևմտյան Հայաստանում է, իսկ Արմեն Մարտիրոսյանն արձակուրդն է վայելում։
Նման սցենարներ հիմնականում հանդիպում են ամենուժեղ թրիլլերներում, երբ մեկ օր անց բոլորը հերքում են ու հետ կանգնում տեղի ունեցածից։
Նախ, եթե Րաֆֆին ու Մարտիրոսյանն արձակուրդում են, Սուսաննա Մուրադյանն էլ նշել էր, որ վերջիններս հանդիպումներ են ունենում ուժերի հետ, ապա այդ ինչ ուրվականներ են հայտնվել Ժառանգությունում, որ Րաֆֆու և Մարտիրոսյանի անունից բանակցություններ են վարում։ Մյուսը՝ եթե Մուրադյանն իր հարցազրույցից մեկ օր անց այնպիսի զարմանք է արտահայտում այլ քաղաքական ուժերի հետ բանակցությունների վերաբերյալ, կարծես Պլուտոն մոլորակում հայ համայնք են հայտնաբերել, ապա գործ ունենք 2 հավանական վարկածի հետ.
1. «Ժառանգության» 3-րդ անդամը՝ Սուսաննա Մուրադյանը, ընդհանրապես տեղեկություն չունի ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության, ո՛չ նրա գտնվելու վայրի, ո՛չ էլ առհասարակ «Ժառանգություն» կուսակցության մասին։
2. Երեկ Ժառանգության մասին հայտարարություն անողը Սուսաննա Մուրադյանը չի եղել, այլ ինչ-որ անհայտ ուրվական։ Ինչպես տեսնում ենք, գործ ունենք չափազանց վտանգավոր կուսակցական ուրվականների հետ, ովքեր ինքնուրույն հայտարարություններ են տարածում ու բանակցություններ վարում։ Խորհուրդ է տրվում փակ պահել կուսակցական գրասենյակների դռները։
Հ.Գ. Արդեն լուրջ կասկածներ ունեմ, որ Ժառանգությունում անբուժելի վարակ է տարածվել, որը առաջացնում է խորը անադեկվատության սիմպտոմներ։