Իրանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին գնալ երկխոսության և բանակցությունների ճանապարհով: Նման հայտարարությամբ Թեհրանում լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ընթացքում հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:
«Մենք երկու հարևաններ ունենք հյուսիսում: Ունենք Ադրբեջանը, որն իրապես կարևոր է մեզ համար, մենք լավ հարաբերություններ ենք ունեցել այդ երկրի հետ: Հայաստանի հետ էլ մենք ունենք բարեկամական և սերտ բարիդրացիական հարաբերություններ: Հակամարտությունը, նրանց տեսակետների տարբերությունները Ղարաբաղյան հարցի շուրջ արդեն երկար ժամանակ է՝ գոյություն ունեն, և ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է: Մենք հուսով ենք, որ նրանք կարող են հաղթահարել այն խնդիրները, որոնց առերեսվում են այդ տարածաշրջանում»,- նշել է Բահրամ Քասեմին:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, հատկապես մեր սահմանային հատվածներում: Մենք հետևում ենք մեր սահմաններին և թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը»,- ընդգծել է Քասեմին:
Իրանն, ինչպես միշտ, հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին`շեշտելով թե՛ շիա, մահմեդական Ադրբեջանի, թե՛ քրիստոնյա ՀՀ-ի կարևորությունը Թեհրանի համար, ինչը ևս մեկ անգամ սառը ցնցուղ էր Ադրբեջանի քարոզչության վրա, որը փորձում է ղարաբաղյան հակամարտությանը տալ կրոնական երանգ ու մեղադրում շիա Իրանին` քրիստոնյա ՀՀ-ին աջակցելու և Երևանի հետ էներգետիկ-տրանսպորտային, ռազմավարական կարևորության ծրագրերի կյանքի կոչման համար։
Թեհրանի համար շատ վտանգավոր է ղարաբաղյան հակամարտության ապասառեցումն ու լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ դա հարմար առիթ կհանդիսանա արտատարածաշրջանային ուժերին`առաջին հերթին Իրանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող ԱՄՆ-ին մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում`Իրանի սահմանների երկայնքով, բացի այդ՝ Թուրքիան՝ որպես Բաքվի ռազմավարական գործընկեր, այս կամ այն կերպ կմիջամտի ղարաբաղյան հակամարտությանը`Նախիջևանում ռազմակայան տեղակայելով, Ադրբեջան` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով զենք, զորք, զրահատեխնիկա մատակարարելով և այլն, ինչն էլ թյուրքական աշխարհի դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում, անընդունելի է Թեհրանի համար։
Ղարաբաղյան գոտում լայնամասշտաբ պատերազմը կարող է վերածվել proxy war-ի`Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, այս պարագայում՝ Իրանին այլ ելք չի մնա`նաև Թեհրանի մասնակցությամբ։ Իրանում`հատկապես հյուսիսային ադրբեջանաբնակ, քրդաբնակ շրջաններում ուժեղ են անջատողական ձգտումներն ու Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի պարագայում`ոտքի կարող են կանգնել նաև Արաքսից այս կողմ բնակվող ադրբեջանցիները`Բաքուն դա կցանկանա իրականացնել Իսրայելի ու Թուրքիայի օգնությամբ`ՀՀ-ն Իրանից կտրելու ու «կյանքի ճանապարհի» վրա`որով Երևանը կապվում է Թեհրանի հետ, խաչ քաշելու համար։ Իսրայելի համար Իրանի կազմաքանդումն էթնիկ-կրոնական սահմաններով նույնպես ձեռնտու է`Իրանը Իսրայելի թիվ մեկ հակառակորդ է տարածաշրջանում, իսկ Թուրքիայի համար`պանթուրքիզմն ու պանիսլամիզմը Էրդողանի Թուրքիայում հասել են գագաթնակետին, Իրանի հյուսիսային շրջանների միացումը Մեծ Թուրքիային կամ Մեծ Ադրբեջանի ձևավորումը թույլ կտա դուրս գալ Միջին Ասիա և Թուրան։
ՀՀ-ի համար Իրանի տարածքային ամբողջականության պահպանումն ու չնայած Բաքվի «լոբբինգին»` Թեհրանի հավասարակշռված դիրքորոշման պահպանումը թե ՀՀ-ի հանդեպ, թե ղարաբաղյան հարցում ազգային անվտանգության և պետության կենսական շահերի տիրույթում է։