«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը նամակ է հղել՝ դիմելով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, որտեղ էպոսի բառապաշարով վիրավորել է վերջինիս: Մանուկյանը գրում է․ «Վիտո՛, մարդկային նորմերը խախտելուց զատ՝ դու խախտեցիր նաև աստվածային կանոնները: Լավ իմացի՛ր, քո քիրվաների «տուն-տեղը» Քուրի ձախ ափին է: Իսկ մեր տղաները հենց ձեր քիրվայական խաղերի զոհը դարձան»: Զարմանալի է, որ նման վեհ արժեքներից խոսում է մի մարդ, ում մասնակցությամբ խմբավորումը խլել էր երեք ոստիկանի կյանք (բացառված չէ, որ վերջինս նույնպես կրակողների թվում էր), պատանդ է պահել մի շարք ոստիկանների և բժիշկների:
Դրանից զատ՝ Պավլիկն իրեն համեմատում է Սասունցի Դավթի հետ, ով նստած է քառսուն գազ հորի մեջ.«Քառսուն գազ հորի միջից, Քառսուն ջաղացի քարի տակից, Միշտ Սասնա ծուռ՝ Պավել Ռազմիկի Մանուկյան»։ Լավ է, որ Ալադինի խալու վրա նստած Ջինի հետ չի համեմատվել։ Սասնա ծռերի անդամների նամակների բովանդակությունը ավելի շատ նման է ինչ-որ ֆանտաստիկայի ժանրի ֆիլմի սցենարի։ Կեսից քեզ թվում է, թե հեսա Կապիտան Ամերիկան ու Ջեկ Վորոբեյն են հայտնվելու ու սպանեն Սպանչ Բոբի հորաքրոջ ամուսնուն։ Հավանաբար, շուտով մենք կլսենք Պավլիկի հերթական նամակի մասին, որը գրված կլինի Հին Եգիպտոսի հիերոգլիֆներով, որտեղ Պավլիկը կհամեմատի իրեն, օրինակ, բժիշկ Imhotep-ի հետ, ով պատրաստվում է բուժել մարդկությունը, կամ ոչ պակաս գայթակղիչ տարբերակ է հերթական նամակում Հին Հունաստանի հերոսներից մեկի կյանքով ապրելու տարբերակը: Հարմար թեկնածուներ են ժայռին գամված Պրոմեթեյը, չնայած ավելի հարմար կլիներ Պոսեյդոնի որդի Պրոկրուստոսի թեկնածությունը:
Բոլորի նամակները միմյանց կցելուց հետո բավականին հետաքրքիր սցենար կարելի է ստանալ կիսապատերազմական, կիսաֆանտաստիկ ժանրի մեջ։
Իսկ եթե լուրջ, լրջանալու ժամանակն է, պարոնայք։