«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը կայքերից մեկի հետ զրույցում տեղեկացրել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Էդգար Սողոմոնյանին, որը նախաքննական ցուցմունքում խոշոր գումարների մասին է պատմել, այլեւս ճիշտ չէ «ծուռ» համարել․ «Էդգար Սողոմոնյանին ազատ են արձակել, չեմ ուզում այդ տղային վատաբանել, բայց դա այն տղան է, որի ծնողը հաշմանդամ էր, գնացել, որդուն համոզում էր. համոզեցին, ցուցմունք կորզեցին, գնացին: Էդգար Սողոմոնյանի վրա ճնշումներ են գործադրել եւ ազատել են, այդ ծռին ծուռ մի հաշվեք հիմա, այն պահին ծուռ է եղել, մտել է, հետո ճնշումներ են գործադրել ու ազատել են»։
Սիմոնյանի խոսքերից երևում է, որ Էդգար Սողոմոնյանն այլևս «սվոյ» չէ։ «Սասնա ծռերի» ներսում հակասությունները խորանում են։ Այն մարդիկ, ովքեր մի փոքր շեղվել են իրենց որդեգրած քաղաքական գծից, ենթարկվում են հրապարակային քննադատության։
Նրանք, ովքեր Սողոմոնյանին հերոսի կոչում էին շնորհել, այսօր, փաստացի, հրապարակայնորեն «պաշտոնազրկում են» ու վրայից հանում «ծուռ» կնիքը։ «Սասնա ծռերի» անդամները արդարացի չեն վարվում իրենց կողմնակիցների հետ, և այս գործելաոճը կարող է հանգեցնել առանց այդ էլ փոքրաթիվ հետևորդների թվի կրճատման։ Սա մեդալի մի կողմն է։
Մյուս կողմից՝ մենք գործ ունենք ավելի բովանդակային բացթողման հետ։ Այս ամբողջ պատմության մեջ անհայտ է մնում Սողոմոնյանին «գահընկեց» անելու մոտիվները։ Ըստ Սիմոնյանի՝ Էդգարի նկատմամբ եղել են ճնշումներ։ Եթե Էդգարը խոսել է ճնշումների ներքո և փաստացի տվել է սուտ ցուցմունքներ, ապա ինչու՞ են Էդգարին լուսանցքից դուրս թողնում։ Սովորաբար նման դեպքերում հանրային դատաստանից պաշտպանելու համար հենց թիմակիցներն են հանդես գալիս նախաձեռնողականությամբ ու հայտարարում, որ տվյալ մարդը ցուցմունք է տվել ճնշումների տակ։ Սողոմոնյանի պարագայում ականատես ենք լինում հակառակ պրոցեսի։
Այս ամենից հիմք ունենք եզրակացնելու, որ, այնուամենայնիվ, Էդգար Սողոմոնայնի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը։ Այլ հարց է՝ դա ճնշումների, թե՞ սեփական նախաձեռնությամբ ներկայացրած փաստեր են։ Ըստ էության՝ Էդգար Սողոմոնյանին կոչումազրկում են ոչ հրապարակային, մութ, բայց իրական փաստեր արձանագրելու համար։