Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմն, այս անգամ սեփական առաջնագծի բնակավայրերն ու այնտեղ բնակվող խաղաղ բնակչությանն օգտագործում որպես կենդանի վահան։ Բաքուն ռազմակետեր, կրակակետեր է տեղակայում հենց բնակավայրերում` հետապնդելով մի քանի նպատակ։
Նախ` Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, որ ԼՂՀ ՊԲ-ն երբեք թիրախային կրակ չի արձակում խաղաղ բնակչության, բնակավայրերի ուղղությամբ, ինչի մասին ևս մեկ անգամ այսօր հայտարարել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, այլ պատասխան կրակ է արձակում միայն ռազմական օբյեկտների ուղղությամբ։
«Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել և, այսուհետ ևս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին»,- նշել է Մնացականյանը:
Բաքուն այսօր խաղաղ բնակչության շրջանում զոհերին ներկայացնելու է «հայկական ագրեսիայի» արդյունք` սեփական հասարակության մոտ հայատյացությունը բարձրացնելով նոր մակարդակի վրա` ներքին լսարանի համար հրեշացնելով հայի կերպարը, ինչը նշանակում է, որ հաջորդ ռազմական ագրեսիայի դեպքում, մտնելով որևէ հայկական բնակավայր, նրանք կրկնելու են այն, ինչ ժամանակին արվել էր Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, ապրիլյան քառօրյայի ժամանակ տարեց և անպաշտպան բնակիչների նկատմամբ Մարտակերտի շրջանում։
Երկրորդ` Ադրբեջանը միշտ էլ ղարաբաղյան հակամարտությունը փորձել է ներկայացնել որպես քրիստոնյաների և մահմեդականների` «խաչի և կիսալուսնի» պայքար։ Օրերս գրանցված միջադեպը Բաքուն քարոզչական նպատակներով օգտագործելու է մահմեդական, թյուրքական աշխարհին ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ընդհանրապես հայ ազգի դեմ տրամադրելու համար, ինչը հատկապես վտանգավոր է, եթե հաշվի առնենք հայերի ներկայությունը մի շարք մահմեդական երկրներում` Մերձավոր Արևելք, Իրան, Կենտրոնական Ասիա և այլն, բացի այդ՝ հարևան Վրաստանում, որտեղ հայերն ու ադրբեջանցիներն անմիջական հարևաններ են` Քվեմո-Քարթլի շրջան, Թբիլիսի և այլն։
Հայերի «հրեշացման» քարոզչության շրջանակներում Բաքուն «արյունոտ» տեսարաններն ու զոհերի հուղարկավորությունը մաքսիմալ կերպով փորձելու է օգտագործել, դրա դեմ ՀՀ-ի դիվանագիտական ապարատը պետք է ակտիվորեն հակազդի, հակառակ պարագայում մահմեդական, թյուրքական աշխարհի երկրներում, որոնք առանց այն էլ վառ ադրբեջանամետ դիրքորոշում ունեն, Ղարաբաղի հարցը սկսելու է ընկալվել որպես քրիստոնյաների պայքար մահմեդականների դեմ, ինչը կարող է հանգեցնել մի շարք երկրներում` Պակիստան և այլն, ջիհադի հայտարարմամբ՝ ՀՀ-ի, հայերի դեմ։ Չպետք է մոռանալ, որ նույն Պակիստանը զինում է Ադրբեջանին, ՀՀ-ի հետ դիվանագիտական կապեր չի հաստատել, ճանաչել է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունն», ու նրանց տարածքում են կենտրոնացել մի շարք ծայրահեղ իսլամիստական կազմակերպություններ, մզկիթներում տարվում է ակտիվ քարոզչություն` տարբեր նպատակներով։