1828-29թթ. տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմն ավարտվեց Թուրքիայի պարտությամբ, որի արդյունքները վավերացվեցին 1829թ.-ին սեպտեմբերի 2-ին կնքված Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով: Ռուսական կայսրությունը կովկասյան բանակի շնորհիվ գրավել էր Արևմտյան Հայաստանը`մինչև Էրզրում, եվրոպական տերությունների հետ միասին Թուրքիայից պահանջեց ճանաչել Հունաստանի անկախությունը` փոխարենը խոստանալով վերադարձնել արդեն նվաճած Արևմտյան Հայաստանի տարածքը: Ադրիանապոլսի պայմանագրից հատված, որը վերաբերվում է հայկական տարածքների. «Սրա հետևանքով Ռուսական կայսերական արքունիքը Մեծ դռանը տալիս է և վերադարձնում Ախալցխայի փաշայության մնացած մասը, Կարս քաղաքը` իր փաշայությամբ հանդերձ, Բայազետ քաղաքը` իր փաշայությամբ հանդերձ, Էրզրում քաղաքը` իր փաշայությամբ հանդերձ, ինչպես նաև այն բոլոր վայրերը, որոնք գրավված են ռուսական զորքերի կողմից և որոնք գտնվում են վերը նշված սահմանագծից դուրս»: Նույն իրավիճակն էր 1853-56թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ, երբ Սևաստոպոլի և մի քանի այլ քաղաքների դիմաց ռուսները թուրքերին հետ վերադարձրին Արևմտյան Հայաստանի տարածքները: Այդ պայմանագրի 3-րդ կետում Նորին մեծություն ամենայն ռուսաց կայսրը պարտավորվում է Նորին մեծություն սուլթանին վերադարձնել Կարս քաղաքը` նրա միջնաբերդով հանդերձ, ինչպես նաև օսմանյան տիրապետությունների այն մասերը, որոնք գրավված են ռուսական զորքերի կողմից: Այս բոլոր պատերազմներում հայերը անմիջական աջակցություն էին ցույց տալիս ռուսներին և հետագայում ռուսական զորքերի կողմից մատնվում էին բախտի քմահաճույքին: Այս առումով դիպուկ է գրում Լեոն. «Բազմատանջ, ստրկության և բնաջնջման մատնված աշխատավոր ժողովուրդը բնազդորեն, տարերային մղումով փրկություն էր որոնում ռուսական արշավանքի մեջ, դիմավորում էր ռուս զինվորին իբրև իր ազատարարի: Բայց այս վերաբերմունքի համար նա պատժվում էր սաստկապես: Նրա դրությունն ավելի ևս վատթարանում էր, երբ ռուսական զորքերը թողնում էին իրենց գրաված տեղերը, և հայերը ռուսներին աղ ու հացով, խաչով-խաչվառով ընդունելուց հետո նորից մնում էին երես առ երես իրենց տերերի՝ օսմանցիների հետ: Պատերազմները բերում էին թուրքահայերին կոտորած, գաղթականություն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: