Սկզբունքորեն, հազիվ թե կարելի էր այլ բացականչություններ կամ կոչեր ակնկալել մեկից, ով, զինված խմբի գլուխ անցած, գրավել է ոստիկանության ՊՊԾ գունդը, իր ղեկավարած հակաօրինական գործողություններով ծառայության մեջ գտնվող հայ մարդկանց սպանության պատճառ է դարձել և ով, ամեն դեպքում, կարող է շատ երկար ժամանակով հայտնվել անազատության մեջ:
Բայց ինձ հետաքրքրողը կոնկրետ այս դեպքում Վարուժան Ավետիսյանի անձն ու ճակատագիրը չեն, այլ նրա այդ վերջին կոչին հաջորդած ու հատկապես նախորդած որոշ հանգամանքներ:
Նախ՝ լիովին օրինաչափ է, որ եթե մեկը շատ կոնկրետ սպանության, հանցագործություններ կատարելու բացահայտ կոչեր է անում, ապա իրավապահ մարմինները դա չեն կարող անուշադրության մատնել: Որպես արդյունք՝ հարուցվել է քրեական գործ՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Հայ ոստիկանների սպանության փաստից հրճվողներն, իհարկե, կգերադասեին, որ Վարուժան Ավետիսյանին պարգևատրեին հիշյալ կոչերի համար, բայց դե իրավապահ մարմիններն էդպիսի բռնատիրական, անագորույն ընկալումներ ունեն ու անամոթաբար գործ են հարուցում:
Ճիշտ է, որ Ավետիսյանի պաշտպաններին լսես, կասեն կամ ավելի ստույգ՝ ասում են, թե այդ կոչերը նրա ապստամբության իրավունքն են արտացոլում, և ոչ մի գործ էլ չպիտի հարուցվեր: Դե, նույն հաջողությամբ կարելի է մարդասպանությունն էլ արդարացնել, բռնաբարությունն էլ, գողությունն էլ ու ցանկացած հանցավոր մտադրություն և գործողություն առհասարակ:
Բայց ինձ ամենից շատ հետաքրքիր է այլ բան:
Վարուժան Ավետիսյանը, այսպես ասենք՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր արել է դեռ մեկ տարի առաջ՝ հուլիսի 17-ին, ՊՊԾ գնդի գրավումից անմիջապես հետո տարածված հայտարարության մեջ:
Այդ կոչը թե՛ ՊՊԾ գնդի գրավված մնալու երկու շաբաթվա ընթացքում, թե՛ այս ամբողջ ժամանակահատվածում ինչ-որ մի տեղ կորած չի եղել: Ու առանց դժվարության կարելի է հաշված վայրկյաններում այն գտնել:
Ու շա՞տ արձագանքողներ են եղել:
Ոնց որ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է «կտցել» այդ կոչը, այն էլ հազիվ-հազ՝ «բառխատնի» տարբերակով: Դե, դա էլ երևի այն պատճառով, որ «զորավարը» դեռ բան չի ասել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել