Ուկրաինայի նախագահ Պյորտ Պորոշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ ու Ուկրաինայի միջև պաշտպանական բնույթի համագործակցության կարևոր պայմանագրեր պիտի կնքվեն մոտ ապագայում, ինչը նշանակում է, որ այս երկրի ճգնաժամը տեղափոխվում է արդեն ռազմական ոլորտ։ Պարզ է, թե ինչի համար է դա արվում, ու պարզ է՝ ում դեմ։ Պարզ է նաև, որ Պորոշենկոն Թրամփի «դաբրոն» ստացել է այդ հարցում։ Հիմա թե ինչ պաշտպանական խնդիրների ու պայմանագրերի մասին է խոսքը, մենք շուտով՝ երևի թե երկու-երեք ամսից կիմանանք, սակայն այսքանով արձանագրենք երկու կարևոր բան.
ա. Ամերիկան սատարում է Ուկրաինային Ռուսաստանի հետ զինված համակարտության մեջ ու առնվազն շարունակում նախորդ վարչակարգի քաղաքականությունը։
բ. Հակառակ այն վերլուծաբանների ու քաղաքագետների պնդումներին, թե Ուկրաինան աստիճանաբար մոռացության է տրվում Արևմուտքի կողմից, ԱՄՆ-ն ոչ միայն չի մոռանում, այլև նոր ուժով է լծվում կոնֆլիկտի մեջ։
Իսկ թե սրա արդյունքում ինչ կունենանք, դժվար է ասել։ Մի բան ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հակամարտությունը ոչ միայն չի լուծվում, այլև գնալով ակնհայտ են դառնում սառը պատերազմի գրեթե բոլոր նախադրյալները։