Թուրքիան ազատ տնտեսական գոտի է ստեղծում Նախիջևանի հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեքչին։
Վերջերս Անկարայից հայտարարություններ են հնչել այն մասին, որ նրանք ցանկանում են Կարսից երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան`Թուրքիա–Նախիջևան–Իրան տարանցիկ միջանցքի միջոցով թուրքական ապրանքները հասնելու են թե Նախիջևան, թե իրանական շուկաներ։
Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է, որպես ՀՀ–ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմ`Սյունիքին սպառնալու ու հետագայում Ադրբեջանի հետ պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում միանալու համար։ Անկարան ու Բաքուն այս օրերին էլ զորավարժություններ են անցկանցում Նախիջևանում`ԶԼՄ–ներում անգամ տեղեկություններ էին տարածվել, որ Անկարան այնտեղ ռազմաբազաներ է տեղակայում`չի բացառվում, որ դրանք`հետախուզական և այլ տիպի արդեն իսկ տեղակայված են, սակայն այդպիսի տեղեկություններ բաց աղբյուրներում չեն հրապարակվում։
Թուրքիան ցանկանում է «կլանել» Նախիջևանն`այդ թվում Իրանի ազդեցությունն այնտեղ զսպելու համար։
Տնտեսական, տրանսպորտային և այլ նախագծեր իրականացնելով նրանք ցանկանում են Նախիջևանը դարձնել Հարավային Կովկասում սուբյեկտ, գործոն, որը կարող է այնտեղ տեղակայված զգալի ռազմական ներուժի միջոցով անընդհատ լարվածության մեջ պահել ու կենտրոնացնել ՀՀ–Նախիջևան սահմանին զգալի հայկական ուժեր, որոնք չեն կարող անհրաժեշտ պահին օգնության հասնել Արցախին, ինչպես նաև Նախիջևանի գործոնի միջոցով ժամանակ առ ժամանակ ապակայունացնել Իրանի հյուսիսը`Թեհրանն ու Անկարան տնտեսական գործընկերներն են, սակայն հավերժ աշխարհաքաղաքական հակառակորդներ։