Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ կայացած մամլո ասուլիսից հետո, որտեղ նա օնլայն շփվել է Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև լրագրողների հետ, կրքերը չեն հանդարտվում։ Դա ինչ-որ տեղ բնական է, սակայն այս ասուլիսը մի քանի առանձնահատկություն ուներ, որին արժեր ուշադրություն դարձնել։ Սովորաբար Պուտինը համարձակ կերպով պատասխանում է այն հարցերին նաև, որոնք իր համար տհաճ են։ Ռուս շատ ընդդիմադիր լրագրողները, հնարավորություն չունենալով Պուտինին հարցեր ուղղել տարվա ընթացքում, սովորաբար դա անում են մեծ մամլո ասուլիսի ժամանակ։ Այս անգամ կարծես թե դա տեղի չունեցավ, հարցերն էլ մի տեսակ սպասելի ու կանխատեսելի էին։ Ավելի շատ էին անձնական բնույթի հարցերը, Պուտինն էլ սովորականի պես այս անգամ շատ փակ չէր անձնական տիրույթի համար ու մի քանի անգամ կիսվեց անձնական հարցերով, մասնավորապես՝ խոսեց թոռներից և հոր ծանր հիվանդությունից։ Սա, իհարկե, շատ բան է նշանակում, որի մասին դեռ վաղ է վերլուծություն անել, սակայն փաստենք երկու շատ կարևոր հանգամանք մինչ այս պահը՝
ա. Վլադիմիր Պուտինն իսկապես հոգնել է, ու դա գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Սա միանգամայն օբյեկտիվ ու պարզ, բնական իրողություն է։
բ. Պուտինը հրաշալի հասկանում է այդ ամենը, հրաշալի հասկանում է, որ կառավարման այս համակարգը Ռուսաստանում իրեն սպառել է, սակայն ասել, թե պատկերացնում է՝ ինչ է անելու հետագայում, մեղմ ասած՝ սխալ կլինի։
Ինչևէ, գալիք տարում Ռուսաստանում նախագահական ընտրություններ են, ու քանի դա մոտենա, Ռուսաստանի առաջնորդը երևի թե աստիճանաբար կբացի քարտերը: