Տրնդեզ, Տյառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է փետրվարի 13-14-ը:
Գլոբալացվող աշխարհը վերջին հարյուրամյակներին այսօրը նշում է Վալենտինի տոնը` որպես սիրահարների օր, բայց հայությունն այս օրվա համար ավելի հին ու բազմաբովանդակ տոն ունի:
Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է:
Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում, կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` հիշեցնելով նրան, որ ժամանակն է` տեղը զիջի գարնանը:
Խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի օջախը հաջողակ լինի, թուխսի տակն էին լցնում, որպեսզի ճտերն անվնաս դուրս գան:
Կրակի ածուխը քսում էին նաև կոպերին, որպեսզի տեսողությունը պայծառ լիներ: Չբեր կանայք կրակով խանձում էին իրենց ներքանզգեստի մի հատվածը` ակնկալելով պտղաբերություն: Բարեհաջող ծննդաբերության համար մոխիրը լցնում էին ջրի մեջ և այն խմեցնում ծննդկանին: Տանտիկինները մոխիրը լցնում էին հավաբները, որպեսզի հավերը շատ ձու ածեին, լցնում էին կճուճների մեջ` ի նշան առատության: Մոխիրը նաև գարնանը շաղ էին տալիս արտում, որպեսզի մկները ցանքսը չվնասեին:
Տոնական խարույկի վրա հնում հայերը նաև բազմազան գուշակություններ էին անում: Օրինակ` տարվա բերքառատությունը որոշելու համար հետևում էին ծխի ուղղությանը. եթե այն թեքվում էր հարավ կամ արևելք, ուրեմն առատ բերք էր սպասվում, եթե հյուսիս կամ արևմուտք` վատ: Խարույկը վառելու պահին հաճախ նաև կրակել են կամ աղմուկ բարձրացրել, ինչից վախեցած, շները հեռու են փախել: Շների փախուստի ուղին մատնանշել է, թե որ կողմից սպասեն տվյալ տարվա բերքի առատությունը: Կրակի ծուխն էր նաև ցույց տալիս, թե որ կողմից է գալու ցանկալի հարսնացուն կամ փեսացուն:
Խարույկավառության ընթացքում հաշվում էին նաև երկնքում երևացող սարյակների թիվը` այդպիսով որոշելով այդ տարվա յուղառատության չափը:
Քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցին Տրնդեզը նույնպես համապատասխանեցրել է քրիստոնեական տոնացույցին: Ըստ եկեղեցական ավանդության` Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին քառասուն օրականում տաճար են տարել: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար, և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ. տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է:
Իսկ կրակի խորհուրդը, ըստ եկեղեցու, մաքրագործվելն է: Հիսուսն ասել է. «Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»:
Վերջին տարիներին Հայ առաքելական եկեղեցին Տրնդեզը նշում է նաև որպես նորապսակների օրհնության օր: «Այս դեպքում եկեղեցին անում է այն, ինչ արդեն դարեր շարունակ ժողովուրդն էր անում»,- ասում է ազգագրագետ Սամվել Մկրտչյանը:
Նրա խոսքով` Տրնդեզը համեմատաբար լավ պահպանված ու հիշվող ազգային տոներից է. «Այն, իհարկե, իր տարածվածությամբ, ծեսերի պահպանվածությամբ զիջում է Վարդավառին ու Զատիկին, սակայն ավելի լավ դիրքում է, քան, օրինակ, Սուրբ Սարգիսը»:
Մկրտչյանի խոսքով` ժամանակի ընթացքում տոների մոռացությունը օրինաչափություն է. հիշվում են միայն խաղարկային բնույթ ունեցող ծիսական հատվածները, սակայն անգամ դրանց բուն նշանակությունն է մոռացվում:
Տրնդեզի ծիսական համակարգն ամբողջությամբ պահպանված է եղել մինչև XX դարի առաջին տասնամյակները: Մեր օրերում, սակայն, հիմնականում պահպանվել է խարույկավառությունը. մարդիկ, ցատկելով կրակի վրայից, հույս ունեն, որ այպիսով կձերբազատվեն չարից ու հիվանդություններից: Պահպանվել է նաև տոնին նորապսակներին օժիտ տալու ավանդույթը:
Նյութի աղբյուրը` այստեղ