Այո, փոխկապը լրջացնում է այս դահլիճը. Թե փոխքաղաքապետը, որը նստած է բոլորիդ դիմաց, թե քաղաքապետը կրում են փոխկապ, ի տարբերություն ձեր «սուպերհերոսի»՝ Հայկ Մարությանի, որը ոչ մի ավագանու նիստին չի կրել փոխկապ. հետևաբար անցած գումարման ավագանին այ այդքան անլուրջ էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

«Ինչ վերաբերվում է քիչ առաջ այստեղ մեկի ունեցած ոռնոցին, ասեմ, որ այո, Եվրաքվեն գնալու է առաջ: Անցած նիստին մենք դահլիճը լքեցինք, որովհետեւ դահլիճում կար մարդ, ով ամբիոնից խոսելու երազանքով եկել էր, մենք թողեցինք այդ ամբիոնը ձեզ, որ այդպես դուք ինքներդ ձեզ խոսեք, ինքներդ ձեզ պատասխանեք, ինքներդ ձեզ անեք, ինչը և արեցիք։ Ինչ վերաբերվում է ձեր արտահայտություններին և Գյումրիին, ապա Հայաստանի Հանրապետությունը ցույց կտա ձեզ ձեր տեղը»,-ասաց նա:

Դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին, Անի Խաչատրյանը հարցրեց. «Պարոն Սուքիասյան, շատ կուզեմ հասկանալ, վերջը դուք ո՞ր Մանուկն եք, այն 1000 ճամբար փոխած, 1000 քաղաքական դռան դեմը չոքած»:

Մանուկ Սուքիասյանը բարձրացավ ամբիոն եւ հայտարարեց. «Դե բնական է, ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում, մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ ձևի իրենց կոնտրոլը կորցնեն»:

Այդ պահին դահլիճին ռեպլիկ հնչեց, ինչին Սուքիասյանն արձագանքեց. «Մի րոպե, ձենդ, փողոցում չես, քեզ մարդավարի պահի»:

Իրավիճակը դահլիճում լարվեց, բոլոր կողմերից գոռգոռոցներ էին լսվում: Նիստը վարող Արմեն Փամբուխչյանը նկատեց, որ հաստատ Անի Խաչատրյանն ավելի վատ վարքագիծ չի դրսեւորել, քան Զարուհի Փոստանջյանը, ու եթե վերջինիս դահլիճից դուրս չի հրավիրել, հիմա առավել եւս որեւէ մեկին դուրս հրավիրելու կարիք չկա:

«Ինչպես  գործող իշխանությունների ազգակործան քաղաքականությունը չի փոխել իմ վերաբերմունքը նախորդների հանդեպ, ես չեմ փոշմանել իմ կենսագրությունից, ի տարբերություն շատերի, այնպես էլ նախորդների վարքագիծը չի նշանակում, որ այսօրվա իշխանությունները ինչ անեն, ես պիտի լոյալ լինեմ։ Ում դեմ պայքարել եմ, մինչև վերջ մնացել եմ հավատարիմ իմ պայքարին, ոչ թե, եկել եմ 2017 թվականի ընտրություններով, պայմանավորվածություններով մտել: Բզեզի բունը մի քանդեք, մի կպեք, ով որտեղ է եղել, ինչ դիրքերում է եղել, ով ինչ պայքար է տարելու, հիմա ի՞նչ դիրքերում է»:

Հիշեցնենք, որ Մանուկ Սուքաիսյանը ժամանակին եղել է ՀԱԿ ակտիվիստներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել