Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: 
Ծնվ. 1835թ., գ. Փայաջուկ (Պարսկաստանի Սալմաստ գավառ): Ծնվել է ազնվականի ընտանիքում: 
Մահ. 25.04.1888թ., Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի պանթեոնում: 
1847-ին սովորել է Թիֆլիսի Կարապետ Բելախյանցի դպրոցում, 
1852-56-ին՝ ռուսական պետական գիմնազիայում: 
1857-58-ին ճանապարհորդել է Իրանի և Թուրքիայի հայկական գավառներում. գրառել է ժողովրդի նիստուկացի, ավանդությունների վերաբերյալ տեղեկություններ: 
XIXդ. 50-70-ական թթ. գրած բանաստեղծություններում, պոեմներում, վեպերում, վիպակներում («Դժոխքի կապալառուք», «Արան պատերազմի դաշտում», «Սառա», 1874, «Սալբի» (հրտ.՝ 1911), «Հարեմ») հիմնականում արտացոլել է պարսկահայ իրականությունը՝ գաղափարական ելակետ ունենալով լուսավորությունը: 
Լուսավորության աշխարհայեցողության սահմաններում էլ ՐԱՖՖին անդրադարձել է գրականության հասարակական նշանակությանը: Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար՝ նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր ծայրերում: 
«Հարեմ» և «Սալբի» գործերում, պատկերելով ֆեոդ, իրականությունում մարդու իրավունքների ոտնահարումը, բռնության սարսափները, միաժամանակ ստեղծել է գաղափարական հերոսներ, որոնք բանականության օրենքների հիման վրա ձգտել են վերափոխել կյանքը: 
1870-ական թթ-ից աշխատակցել է «Մշակ» (Թիֆլիս) թերթին, որտեղ էլ լույս են տեսել «Գեղեցիկ Վարդիկը» (1872), «Անբախտ Հռիփսիմէն» (1872), «Մի օրավար հող» (1873), «Բիբի Շարաբանի» (1876) պատմվածքները: 
1870-ական թթ. վերջերին ՐԱՖՖու աշխարհայացքը որոշակի փոփոխություն է կրել: 
Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի համար: «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականութիւնը հայերի մէջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում արծարծել է տնտ., բարոյական, կրթական և այլ հարցեր: 
«Խաչագողի յիշատակարանը» (1869-70, հրտ.՝ 1882-83) վեպում առաջադրել է անհատի քաղաքաց. պարտքի գաղափարը: 
«Զահրումարը» (1871, հրտ.՝ 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ.՝ 1882), «Մինն այսպէս, միւսն այն պէս» (1890) վեպերում պատկերել է առևտրալամ բուրժուազիայի կենցաղն ու բարքերը: Ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին՝ ՐԱՖՖԻն առաջադրել է ազգ-ազատագրական պայքարի գաղափարը («Խենթը», 1881, «Կայծեր», հ. 1,2, 1883, 1887): 
«Դաւիթ Բեկ» (1882) վեպում արտացոլված են XVII դ. սկզբի ազգ-ազատագրական շարժման իրադարձությունները: 
«Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ-Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար: 
«Սամուէլ» (1886) պատմավեպը ընդգրկում է IV դ. կեսի հայոց պատմության էջերը: 
ՐԱՖՖու պատմափիլիսոփայական մեկնակետը ազգային միասնության գաղափարն է: 
ՐԱՖՖու ստեղծագործության էական մասն են կազմում գրական-քննադատական հոդվածները: 
ՐԱՖՖու որակական նոր աստիճանի է բարձրացրել հայ արձակը՝ մերձեցնելով այն ժամանակի համաշխարհային գրականությյան չափանիշներին: 
Երևանում և ՀՀ տարբեր քաղաքներում ՐԱՖՖու անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, Երևանի համանուն դպրոցի բակում կանգնեցված է կիսանդրին: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել