Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (հունվարի 28, 1885 - հունվարի 7, 1920), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ։ Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թ. Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ. Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ., այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ. Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1916թ. երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները: Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ: Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը:
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ. հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում:

Ստեղծագործությունները
Էդուարդ Թոփչյան, Վահան Տերյան, Երևան, Հայպետհրատ, 1945, 47 էջ։
Խորեն Սարգսյան, Վահան Տերյան, Երևան, Պետհրատ, 1926, 36 էջ։
Սաքո Սուքիասյան, Էջեր Վահան Տերյանի կյանքից, Երևան, Հկլետհրատ, 1959, 307 էջ։
Արսեն Տերտերյան, Վահան Տերյան։ Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1910, 106 էջ։
Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 8, Վ. Տերյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 58 էջ։

Ֆիլմոգրաֆիա
Վահան Տերյան - 100, (1985) վավերագրական ֆիլմը նվիրված է մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին (ռեժիսոր Լևոն Մկրտչյան), տեքստը կարդում է Սոս Սարգսյանը:
Վերջին ուղևորությունը - Նկարահանվել է 2012 թվականին: Այն խաղարկային-վավերագրական ֆիլմ է Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին: Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որ գրվել են 100 տարի առաջ, թվում է` հենց այսօրվա մասին են: Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը: «Ազատություն» ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը: Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը: Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել