Հրանտ Մաթևոսյանի մտածումները Վազգեն Վեհափառի մասին... (2004 թվական)
Իրավ, մեծերի համար դյուրին կյանք ու ժամանակներ չեն լինում, մահկանացուներիս անսահմանության մեջ մեծերն իրենք են պարագծում իրենց ժամանակը և իրենց անելիքը, և նրանց կյանքն ու ժամանակը լինում է դժվար կյանք, դժվար ժամանակ: Իրենց երկրային կյանքի ժամանակը նրանք պարագծում են՝ սահմաններ ու սահմանասյուներ ճանաչելով իրենց նախնիների կյանքն ու վարքը: Այդպիսին էր Թումանյանի կյանքը, այդպիսին էին Կոմիտաս վարդապետի ու Չարենցի կյանքերը: Այդպես ապրեց ու գործեց Ներսես Մեծ Աշտարակեցին, իր կյանքն այդպես պարագծեց ու լցրեց ազգային կենդանի բովանդակությամբ Վազգեն Մեծ Վեհափառը:

Ինչ շիտակ, պայծառամիտ ու անվեհեր մարդ էր նա, ինչ մեծ հայ էր, ի ծնե՝ ինչ ավագ ու տեր էր՝ իր արթուն կենդանությամբ, կարող էիր գլուխդ անվրդով բարձին դնել՝ միամիտ, որ տանդ տակով ջուր չի գնալու և գլխիդ դավադիր ջուր չի խաղալու: Իր վարքն ու սոսկական ներկայությունն իսկ դարձնում էր չարակամներիդ հանդուրժող, հանդուրժողներիդ՝ բարեկամ և քեզ կանգնեցնում բարեկամների հոծ բազմության մեջ:
Կեսարինը Կեսարին տալով և Աստծունը Աստծուն՝ նա երբեք չհեռացրեց նրանց միմյանցից, այլ մերձեցրեց իրեն ու իր շնորհի մեջ միացրեց՝ այդպես չօտարելով ազգից այն, ինչը ազգի անկապտելի զորությունն է ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ:
Քառասնամյա իր Թագավորությամբ ՝ այս պատառոտվող Երկիրը, որ անվերջ ճաքեր է տալիս և ազգեր ու ժողովուրդներ է հեռացնում իրարից, միություններ բաժանում, ներկայից անցյալ հատում, ընտանիք ու եկեղեցի կիսում, քառասնամյա իր հրաշալի արքայությամբ երբեք չխորացրեց իր անդունդները մեր ազգի ու հայրենիքի տակ, և հակառակը՝ երբեք, ուրիշ ոչ մի անգամ այսքան միակամ ու միաբան չենք եղել:
ԵՐԱՆԻ ՆՐԱՆ, ՈՎ ՆՐԱ ՕՐԻՆԱԿՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԻՆՔԸ ՄԵՐ ՄԵԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ, ԱԶԳԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է ԼԻՆԵԼՈՒ, և ԱՅՐ ՄԱՐԴՈՒ ԻՐ ՏԻՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ, ՄԵՆՔ ԻՇԽԱՆԱԲԱՐ ՀՊԱՐՏ, ԱՅՐՈՐԵՆ ԶՈՒՍՊ, ԶԻՆՎՈՐԱԲԱՐ ԿՈՐՈՎԻ ԵՆՔ ՄՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԷԻՆՔ ՎԵՀԱՓԱՌԻ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՎԵՀԱՓԱՌԻ ՎԱՐՔՆ ՈՒ ԿԵՐՊԱՐՆ ԷԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ՄԵԶ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել