Aravot.am-ը գրում է.

Հայաստանում չկան օբյեկտիվ չափանիշներ եւ մեխանիզմներ, որոնցով գնահատվում է նախորդ կառավարությունների կամ վարչապետների աշխատանքը: Քաղաքական ուժերն ունեն իրենց շահերը, եւ, բնականաբար, նրանց գնահատականը հեռու է օբյեկտիվությունից: Ընդդիմությունը սովորաբար ասում է, որ վարչապետն ամեն ինչ տապալել է, իսկ իշխանությունը՝ որ կառավարությունների փոփոխությունը բնականոն գործընթաց է, եւ որ նախորդ փուլի համար պետք էր այս վարչապետը, իսկ ներկա փուլի համար՝ բոլորովին ուրիշը: Իհարկե, դժվար է պնդել, որ այս կառավարությունը վեց տարում ինչ-որ զգալի հաջողություններ է արձանագրել. տնտեսական ձախողումների մասին շատ է խոսվել եւ դեռ կխոսվի: Բայց անհաջողությունների քաղաքական պատճառներից մեկը, ինձ թվում է, թիմի զգացողության պակասն էր: Իր վարչապետության սկզբնական շրջանում Տիգրան Սարգսյանն անկուսակցական էր, հետո դարձավ հանրապետական: Բայց ՀՀԿ-ում ազդեցություն ունեցող մարդիկ նրան յուրային չէին համարում՝ կար մենթալիտետի զգալի անհամապատասխանություն: Երբ չեզոք, բայց մտահոգ մարդիկ խոսում էին տնտեսական վիճակի վատթարացման մասին, որոշակի մտավոր եւ կրթական ցենզ ունեցող ՀՀԿ-ականները (ոչ հրապարակավ, իհարկե) ասում էին՝ «Հա, ինչ անե՞մ, թող Տիկոն տապալվի, նա մեր ախպերությունից չի»: Երբ օլիգարխները, պատգամավորները, բարձրաստիճան պաշտոնյաները խնդիրներ էին ունենում, նրանք, ի՞նչ է, վարչապետի՞ն էին դիմում: Իհարկե՝ ոչ: Հետեւաբար վարչապետը նրանց համար հեղինակություն չէր, «հարց լուծող» չէր: Վստահ եմ, որ նրանք Տիգրան Սարգսյանի հետ սաունա չէին գնում եւ «դուբայներում» ժամանակ չէին անցկացնում: Մի խոսքով՝ ընկերություն չէին անում՝ ենթագիտակցաբար «դասակարգային թշնամի» զգալով: Իհարկե, հակված չեմ նաեւ իդեալականացնելու Տիգրան Սարգսյանին եւ ենթադրում եմ, որ նա «իր ձեռից եկած» չարաշահումները կատարել է: Խոսքն այստեղ «միասնական թիմի» զգացողության մասին է: Եվ ահա ես մտածում եմ՝ գուցե վարչապետի հրաժարականի պատճառը ոչ թե նրա դեմ «ոչ իշխանականների» տեւական պայքարն էր, ոչ թե «Դեմ եմ»-ը եւ կուտակայինի տապալումը, ոչ թե Կրեմլի հրահանգը (չգիտեմ, թե որքանով է Կրեմլին հետաքրքրում, թե ով է Հայաստանում վարչապետ աշխատում), այլ պարզապես Տիգրան Սարգսյանի գիտակցումը, որ բացի նախագահից՝ նրան ոչ ոք չի աջակցում: Եվ նախագահն էլ վերջին ժամանակներս այն չափով չի աջակցում, որքան վարչապետը կցանկանար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել