Tert.am-ը գրում է.
Հետևելով քաղաքական անցուդարձին և անսալով ՀՀ երրորդ նախագահի հայտնի հորդորին, երկար ժամանակ գրավոր խոսքի դադար էի վերցրել, ինչի շնորհիվ հիմնական զարգացումներն էլ ավելի ցցուն էին երևում։ Դաշտում մոլեգնող նիկոլիզմը չի սահմանափակվել միայն փաշինյանական թիմի «արեալով», այլև հետևողականորեն վարակել է ավելի լայն շրջանակ՝ Բրյուսելից մինչև մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սկսենք Բրյուսելից։
Անցած շաբաթ եվրոպական իշխող կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, որի դիտորդ անդամ ենք նաև մենք, փաշինյանական Հայաստանի մասին մի բանաձև էր ընդունել, որի նախնական տարբերակը պարզապես զավեշտ էր, իսկ ընդունվածը՝ որպես երևույթ, ուղղակի տհաճություն։
Հանրապետականը չոր արձագանքեց այդ երևույթին՝ նաև պաշտպանելով մայր-կուսակցությունը նիկոլական վիրուսի հետագա տարածումից։ Կանխատեսելի էր, որ իշխանական շրջանակները, խիստ դժգոհ լինելով փաստաթղթի վերջնական տեքստից, մասնավորապես՝ իմ քաղաքական բանտարկյալ կարգավիճակի վերաարձանագրումից և արցախահայության վերադարձի իրավունքի մասին շեշտադրումից, փորձեց մանիպուլացված տարբերակով շահարկել այդ տեքստը։
Բայց արի ու տես, որ նիկոլական մեդիաները քիչ էին, մի հատ էլ ՀՀ երկրորդ նախագահին սպասարկող որոշ միջոցներ, որոնք նաև բացահայտ ռուսամետ իմիջ ունեն, զարկ տվեցին Հանրապետականի հանդեպ չարախնդալու արշավին: Ավելորդ է հիշեցնել, որ ԵԺԿ-ն մեր անդամության տարիների ընթացքում մշտապես աջակցել է հայկական օրակարգին՝ Արցախի հարց, Ապրիլյան պատերազմ, Ցեղասպանության ճանաչում, ներքաղաքական իրավիճակ, CEPA և այլն:
Երբ Երկրորդ նախագահը քաղաքական հետապնդման արդյունքում կալանավորված էր, ԵԺԿ-ն էր այն բացառիկ հարթակը, որտեղ Հանրապետականը բարձրացնում էր այդ խնդիրը, այդ թվում՝ Երրորդ նախագահը՝ ԵԺԿ Զագրեբի գագաթնաժողովում իր հանդիպումներին։
Մեր կուսակցության արտաքին կապերի եվրոպական ուղղությունը քննադատելիս հիշեք նաև, որ ձեր թիմակից ՀՅԴ-ն սերտ աշխատում էր Եվրոպառլամենտի Սոցիալ-դեմոկրատների հետ, իսկ Երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսին հայտարարեց, որ եվրոպական ուղղությամբ ամենամեծ աշխատանքն ինքն է իրականացրել։ «Էս չէ՞ր ձեր ԵԺԿ-ն ու ձեր Եվրոպան» գեոպոլիտիկ հրճվանք ապրող որոշ երկրորդամերձ ալիքները, սակայն, կամ լռում են, կամ սվաղում Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից Մեհրիբան Ալիևային պարգևատրելու փաստը։ Հիմա հարց. ռեալ պոլիտիկում ո՞ր իրադարձությունն է ավելի վտանգավոր և տհաճ՝ ԵԺԿ բանաձև՞ը, թե՞ ռազմավարական դաշնակցի հոգևոր առաջնորդի կողմից թշնամի երկրի ղեկավարության մեծարումը։ Այդ քարոզիչների բառապաշարով էլ արձանագրեմ՝ Ни ляхи, ни русичи, ни немчура – никакие иностранцы нам не помогут, если мы сами себя и страну погружаем в безысходное мракобесие и культовый маразм.
Շարունակում են տարօրինակ խոսույթով զարմացնել նաև Երկրորդ նախագահի թիմի մի շարք անդամներ, որոնց, այո, ստիպված եմ պատասխանել հոդվածով, քանզի, հիշեցնեմ, շարունակում եմ ապօրինի հետապնդման ենթարկվել, զրկված եմ տաղավարներում լուրջ դեմքով խոսելու հնարավորությունից, նամակագրության իրավունք նույնպես չունեմ, իսկ իմ տնային կալանքի վայրում Ամանորից այս կողմ (նույնիսկ «տարանջատումից» առաջ), բացի Աղվան Վարդանյանից և ևս մեկ հոգուց, ում անունը չեմ տալիս նրան ավելորդ հարվածներից հեռու պահելու համար, այլ գործընկեր-ընդդիմադիր պատգամավոր տեսնելու պատվի չեմ արժանացել։ Ուստի, այո, սիրելի Ագնեսային և մի շարք ոչ այնքան սիրելիներին ստիպված եմ արձագանքել հենց այս ձևաչափով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



