«Փաստ» օրաթերթը գրում է. «Վոթցափային պաշտոնանկություններից» հետո, երբ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը, առաջիններից մեկը պաշտոնից ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Մամուլում կան տեղեկություններ, որ Համբարյանն ինքն է հրաժարվել աշխատել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Այս պաշտոնանկությունը տարբեր շրջանակներում մեկնաբանվեց այնպես, որ նախարարությունը լքում են, այսպես կոչված, «սորոսականները»: Մեր տեղեկություններով, ՆԳ նախարարությունում պաշտոնանկությունները շարունակական են լինելու, շուտով մի քանի այլ պաշտոնյաներ էլ կազատվեն աշխատանքից, այդ թվում՝ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Սակայն այս պաշտոնանկությունները դժվար է որակել նախարարության «սորոսականաթափ», քանի որ նորանշանակ նախարարն ինքը այդ շրջանակներից է և Վահե Ղազարյանի պաշտոնավարման շրջանում ևս կոորդինացնում էր, այսպես կոչված, «արևմտյան բարեփոխումների» ողջ գործընթացը: Այնպես որ, նա հազիվ թե ազատվի «յուրային» պաշտոնյաներից: Ավելին, նույն Դավիթ Համբարյանը համարվում է ՔՊ-ի քաղաքական թիմի անդամ, և նրա պաշտոնանկությունը բավական ծանր են տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոչ «սորոսական», առավել քաղաքական հատվածում:
Նրանց դժգոհության իմաստն այն է, որ նախարարությունում փաստացի թիմի անդամ չեն ունենում, ինչի արդյունքում Արփինե Սարգսյանի առանց այդ էլ ազատ ձեռքերն անվերահսկելի ազատություն կարող են ստանալ, առավել ևս՝ կադրային հարցերում: Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին առավել հստակ կլինեն ՆԳՆ-ից մի շարք կադրերի հապճեպ «արտագաղթի» իրական պատճառները»: