168.am-ը գրում է․

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավար մարմինները թարմացրել են մոտեցումները զորակազմերի անարգել տարանցման և ռազմական օդուժի թռիչքների ապահովման հարցերին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

Նա հիշեցրել է, որ Աստանայում ղազախական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը։

«Ղազախստանի Հանրապետության առաջնահերթություններին համապատասխան՝ թարմացվել են զորակազմերի տարանցման և ռազմական օդուժի թռիչքների անարգել (անվայրէջք) ապահովման մոտեցումները: Փոփոխություններ են կատարվում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագրում և ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության համաձայնագրում  զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում»,- նշել է Շչեգրիկովիչը։

Միացյալ շտաբի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ կողմերն առանձնահատուկ ուշադրություն են նվիրել հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների հետագա զարգացմանը։

«Հաստատվել են ՀԱՊԿ օպերատիվ հակազդման հավաքական ուժերի պատրաստման և կիրառման հիմունքները: Համատեղ հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել մի շարք այլ համաձայնություններ՝ ուղղված ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության ամրապնդմանը», – ընդգծել է Շչեգրիկովիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել