10 տարի առաջ՝ 2003 թվականին, Վրաստանում տեղի ունեցավ հետխորհրդային տարածքում առաջին գունավոր հեղափոխությունը՝ Վարդերի հեղափոխությունը, որի արդյունքում Վրաստանը կազմաքանդման եզրին ու սնանկության հասցրած Էդուարդ Շևարնաձեն գահնկեց արվեց, իսկ նախագահական աթոռը զբաղեցրեց երիտասարդ, համակրելի, խարիզմատիկ ու էքսցենտրիկ Միխայիլ Սաակաշվիլին: Այժմ, երբ Վրաստանում ընտրեցին որ նախագահի, կարելի է անել արդյունքների ամփոփում. ի՞նչ տվեցին Վրաստանին Սաակաշվիլիան 10 տարիները, ի՞նչ ձեռքաբերումներ եղան ու ի՞նչ կորուստներ և առհասարակ՝ ի՞նչ դեր ունեցավ Սաակաշվիլին վրաց պատմության մեջ:
Որպեսզի հնարավոր լինի օբյեկտիվ գնահատական տալ Սաակաշվիլու դերին, պետք է հիշել, թե ինչ էր ներկայացնում իրենից Վրաստանը մինչև 2003 թիվը. իրականում Վրաստան, որպես այդպիսին չկար, կար դեինտեգրված ու պերմանենտ քաոսում գտնվող ինչ որ գոյացություն, որտեղ Շևարնաձեի իշխանությունները նստում էին Թբիլիսիում, իսկ մարզերում գերիշխում էին սեպարատիստական տրամադրությունները: Փաստացի, 2003 թվականին բացի Աբխազիայից ու Հարավային Օսիայից, դե ֆակտո անկախացել էին Աջարիան ու Սվանետիան: Այդ տարիներին վրաստանը որպես տարանցիկ ուղի օգտագործող մարդիկ կփաստեն, որ Վրաստանի ճանապարհները վտանգավոր էին ոչ միայն անմխիթար գտնվելու պատճառով, այլև նրա համար, որ չկար ոչ մի անվտանգության երաշխիք և բեռ փոխադրող մեքենան կարող էին կանգնեցնել ու ռեկետել տարբեր կասկածելի զինված դեմքեր:
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այն գոյատևում էր ռուսական ռազմաբազայի ու Հայատանի հաշվին ու ավելի ու ավելի էր հեռանում Թբիլիսիից: Ընտրությունները համատարած կեղծվում էին, թմրամոլությունը աննկարագրելի մասշտաբների էր հասել, իսկ գողական աշխարհն ավելի ազդեցիկ ու լեգիտիմ էր, քան պաշտոնական իշխանությունները: Ահա այս մթնոլորտում թատերաբեմում հայտնվեց Սաակաշվիլին, ով ամեն ինչով տարբերվում էր Շևարնաձեի վրաստանի քաղաքական գործիչներից՝ կրթությունը ստռացել էր ԱՄՆ-ում, խարիզմատիկ էր, հռետորական տաղանդ ուներ, ճառերում խոսում էր ժողովրդի համար ակտուալ թեմաներից ու տալիս էր անհավանական թվացող խոստումներ և ժողովուրդը գնաց նրա հետևից (ոչ առանց Արևմոււտքի մեղմ միջամտության ու աջակցության շնորհիվ) և Սաակաշվիլին դարձավ նախագահ:
Իր կառավարման առաջին տարիներին Սաակաշվիլին սկսեց ֆունդամենտալ ռեֆորմներ՝ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունում, տնտեսությունում ու արդարադատության համակարգաում: Արդյունքում, շատ կարճ ժամանակում երկրում հաղթահարվեց բանդիտիզմն ու «Օրենքով գողերի» գերակայությունը, ճնշվեցին Աջարիայի ու այլ «անկախացած» տարածքների անջատողական տրամադրությունները, շեշտակի աճեցին մարդկանց աշխատավարձերը, ներդրումների մեծ հոսք սկսվեց, իրավապահների մոտ գրեթե ի սպառ վերացավ կաշառակերություն հասկացողությունը....
Սա Սաակաշվիլու դրական ու լավ փիառված կողմն է, բայց ինչպես ցանկացած մեդալ, Սաակաշվիլու մեդալը ևս երկկողմանի է ու դրա բացասական կողմերը դեռ ըստ արժանավույնս գնահատված չեն, իսկ դրա առաջին իսկ նախանշանները բերեցին նրան, որ Բիձինա Իվանիշվիլին ջախջախեց Սաակաշվիլու թևին երկու ընտրությունների արդյունքում: Հարկ է նաև նշել, որ այս տասը տարիների ընթացքում որքան ջանասիրաբար ի ցույց էին դրվում ու փիառվում էին բոլոր դրական ձեռքբերումները, նույն ջանասիրությամբ կոծկվում էին անհաջողությունները ու ստեղծված նոր ռիսկերը: Այսօրվա դրությամբ կարելի է արդեն հետ հայացք գցել ու ուրվագծել դրանցից մի քանիսը:
Նախ, Սաակաշվիլու վարած արտաքին քաղաքականությունը բերեց բաց դիմակայության Ռուսաստանի հետ, որի ապոֆիոզը դարձավ ռուս-վրացական պատերազմը, որը խլեց հարյուրավոր կյանքեր և ուժգին հարված հասցրեց վրացական տնտեսությանն ու պաշտպանական ենթակառուցվածքներին, սակայն ամենացավագին հարվածը վրացական կողմի համար՝ ռուսական շուկայի կորուստն էր: Եվրոպական շուկան այդպես էլ չկոմպենսացրեց այդ կորուստները: Այո՛, արևմուտքից Վրաստանը ստացել է մի քանի միլլիարդ դոլարի հասնող դրամաշնորհներ ու միլլիարդավոր դալորների վարկեր, բայց ցանկացած դրամաշնորհ ու վարկ ունի վերջանալու հատկություն, մինչդեռ կայուն ու յուրացված շուկան բերում է այդ միլլիարդները տարիների ընթացքում ու առանց ֆորսմաժորային իրավիճակների, չի անէանում:
Բաց ներդրումային քաղաքականությունը մի կողմից, Ռուսաստանի հետ առճակատումը մյուս կողմից և Արևմուտքից հոսող դոլարային գետը երրորդ կողմից բերեցին նրան, որ Վրաստանն այժմ կանգնած է երկու ֆունդամենտալ խնդիրների առջև, որոնք առայժմ քննարկվում են հիմնականում փորձագիտական մակարդակում. թուրքա-ադրբեջանական ինտերվենցիա և հսկայական արտաքին պարտք: Եթե արտաքին պարտքը մարելը այդքան էլ անհնար բան չի թվում, որովհետև ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու դեպքում կարելի է ժամանակի ընթացքում մարել այդ գումարները, ապա թուրք-ադրբեջանական ներդրումային ու փափուկ ուժի քաղաքականությունը աստիճանաբար ուժեղացնում են թյուրքա-իսլամական տարրի քաշը վրաց հասարակության մեջ ու նախադրյալներ ստեղծում երկարաժամկետ հեռանկարում Վրաստանից տարրածքներ պոկելու և անգամ ամբողջ Վրաստանը կլանելու համար: Այսօրվա դրությամբ արդեն Հատկապես Բաթումն ու Աջարիայի ինքնավար հանրապետությունը արդեն ցույց է տալիս նախանշաններ՝ Թուրքիայի գերիշխանության տակ անցնելու մասով, դե իսկ ադրբեջանցիներն ու մցխեթի թուրքրը արդեն դարձել են ազգային ամենամեծ փոքրամասնությունը Վրաստանում, առաջ անցնելով հայերից: Հարկ է նշել նաև, որ Սաակաշվիլին իր կառավարման ողջ ընթացքում աչքի ընկավ ընդգծված պրոթուրքական ու պրոադրբեջանական քաղաքականությամբ:
Ամփոփելով, կարելի է ասել, որ Սաակաշվիլին շատ հակասական կերպար է՝ երկրի ճակատագրում ունեցած իր դերի առումով և տարիներ են դեռ պետք, որպեսզի նրա գործին տրվի դրական կամ բացասական արդար գնահատական: Մի բան սակայն անհերքելի է. Սաակաշվիլին վերջին մի քանի դարում Վրաստանի գլխին կանգանած ամենախարիզմատիկ ու ռեֆորմիստ առաջնորդն է եղել և մի բանում նա կարող է վստահ լինել՝ իրեն կհիշեն տասնամյակներ ու հարյուրամյակներ հետո էլ: Միակ հարցն այն է, թե լավի՞ համար կհիշեն, թե՞ վատի:



