Ռուս-Ադրբեջանական հարաբերությունները վատթարանում են ժամ առ ժամ Արևմտյան Բիրոլյովայի աղմկահարույց դեպքերի պատճառով: Այս պահի դրությամբ իսկական ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմ է ընթանում և երկու երկրների լրատվամիջոցները հեղեղված են ագրեսիվ գրառումներով, մեկնաբանություններով ու վերլուծություններով, ընդ որում, եթե ռուսական կողմում նկատվում ен որոշակի համակարգվածություն ու գրագետ փիառի տարրեր, ապա Ադրբեջանական ինֆորմացիոն դաշտը հիմա հիշեցնում է մի հիստերիկ կնոջ, ում փողոցում ապտակել են:

Ադրբեջանական կայքերը արդեն չեն էլ խորշում անձնական վիրավորանքներ տեղացնել տարբեր մասշտաբի ու հեղինակության ռուսաкան գործիչների հասցեին, ովքեր գոնե ինչ որ չափով քննադատական խոսք են ասել դեպքերի առնչությամբ, իսկ ամենազարմանալին այն է, որ կրակի մեջ գլխավոր յուղ լցնողները Ադրբեջանի պաշտոնատար անձինք են, ովքեր իրար հերթ չտալով էլ ավելի են սրում հակառուսական տրամադրությունները:

Վերնշյալ իրավիճակի տարօրինակությունը կայանում է նրանում, որ միևնույն միջոցին Ադրբեջանը նաև հոխորտում է ԱՄՆ-ի դեմ՝ մեղադրելով ԱՄՆ դեսպանին նախագահական ընտրությունները կեղծելու առաջարկ անելու մեջ: Բանն այն է, որ միանգամից մի քանի իշխանամետ լրատվաիջոցներ հրապարակել էին բարձրաստիճան ադրբեջանցի մի պաշտոնյայի հարցազրույց, որտեղ վերջինս հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից առաջարկվել էր ընտրությունների արդյունքները հրապարակելիս ընդդիմությանը «տալ» 25 տոկոս ձայն և դա պետք է լիներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանում նախագահական ընտրությունները չքննադատելու հարցի գինը: ԱՄՆ-ը շտապել էր հերքել այդ հայատարարությունը՝ որակելով այն որպես «ստահակ հայտարարություն», բայցևայնպես, փաստը մնում է փաստ, Ադրբեջանական ղեկավարությունը կարծես թե հոլյուցինոգեն տեսիլքների մեջ է ընկել նավթային գոլորշիների պատճառով և միաժամանակ առճակատման մեջ է մտել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական թատերաբեմի երկու խոշորագույն խաղացողների՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ:

Ի՞նչ խոսք, սա խիստ անհեռատես մոտեցում է մեր ոխերիմ հարևանների կողմից և եթե սրան էլ հավելենք երեկ ԼՂՀ-ի սահմանին տեղի ունեցած միջադեպը, երբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ստուգայցի ժամանակ ադրբեջանական կողմը սկսել էր գնդակոծել ՊԲ-ի դիրքերը, կարելի է եզրահանգում անել, որ կա՛մ Ալիևը իրոք հավատացել է, որ ինքը համայն աշխարհի ադրբեջանցիների ամենակարող առաջնորդն է, ով կարող է ոչ միայն հավասարը՝ հավասարի պես խոսել գերտերությունների ու միջազգային կառույցների հետ, այլ բացահայտորեն առհամարհել ու հոխորտալ նրանց հասցեին, կա՛մ էլ Ալիևը աստիճանաբար կորցնում է կառավարման լծակները իր չինովնիկական ապպարատի և հասարակության վրա:

Ի՞նչ խոսք, երկու դեպքում էլ Ադրբեջանն ինքն իր ոտքով գնում է դեպի փակուղի, ինչը բխում է մեր շահերից, բայց մյուս կողմից էլ, մենք պետք է ստեղծված առիթը գրագետ օգտագործենք ու շահարկենք, որպեսզի հնարավորինս ավելի շատ դիվիդենտներ ունենանք այս նոր ու անսպասելի զարգացումներից: Պետք չէ մոռանալ նաև զգուշավորության ու զգոնության մասին, որովհետև Ադրբեջանում իշխող ռեժիմի հիմքերի սասանումը անխուսափելիորեն կբերի հայ-ադրբեջանական լարվածության պիկային աճի: Այլ կերպ լինել չի կարող, քանի որ արդեն 23 տարի է հայատյացությունը դե ֆակտո դարձել է Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը և միակ բանը, որ դեռ կարողանում է հետաձգել կուտակվող ագրեսիայի պայթյունը, դա Ալիևի նավթադոլարներով ու կոռուպցիայով կեղտոտված ռեժիմն է, որի անկումը ի թիվս այլ հետևանքների, գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի Արցախյան պատերազմի վերսկսման:

Ըստ այդմ, շատ կարևոր է, որպեսզի հայակական կողմը հնարավորինս գրագետ ու ճարպիկ գտնվի, որպեսզի նման սցենարի կյանքի կոչման դեպքում, մենք ունենանք հնարավորինս շահեկան դիրքեր միջազգային ասպարեզում, իսկ Ադրբեջանը ընկալվի, որպես սանձարձակ, անգրագետ ու ոչ ադեկվատ կողմ: Սա ավելի քան իրատեսական է և ավելի քան իրականանալի, եթե մեր իշանությունները դրսևորեն քաղաքական կամք ու դիվանագիտական հմտություններ: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել