Երկու օր է՝ համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ, այսպես կոչված, բլոգեր Արամ Ավետիսյանը, ով ժամանակ առ ժամանակ ներկայանում է՝ որպես քաղաքագետ, տեսախցիկով գնացել է Արարատի մարզի շուկաներից մեկը և կռվի բռնվել ձմերուկ վաճառող տղաներից մեկի հետ։

«Սա դավաճանների լրատվակա՞նն է, թե՞ ոչ»,- ձմերուկ վաճառողի այս մեկ նախադասությունից հետո էլ ամեն ինչ սկսվել է։

Հետո սպիտակ վերնաշապիկով ու կոստյումով ներկայացող բլոգերը, դիմելով ձմերուկ վաճառողին՝ ասում է, եթե պրոբլեմ է ման գալիս, ապա այդ պրոբլեմը կստեղծեն, որից հետո հայհոյում է քաղաքացուն՝ նրան անվանելով «համբալ», հետո սպառնում է. «Ով մեզ հողատու կասի, իրա հերն էլ, իրա մերն էլ։ Հիշի՛ր, դու խուլիգանության հոդվածով դատվելու ես, դե կտեսնես»։

Արամ Ավետիսյանի այս սպառնալիքներից մի քանի ժամ հետո Քննչական կոմիտեն հաստատեց, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի համար տեղի ունեցածը զարմանալի չէ, պարզ է, որ ՔՊ-ի շահերը պաշտպանող բլոգերի նկատմամբ չէին հարուցելու քրեական գործ։

«Օրենքի առաջ բոլորը հավասար են, բացառությամբ այն մարդկանց, ովքեր հանդիսանում են ՔՊ-ական կամ իշխանությունների համակրողն են մեր երկրում։ Առերևույթ այդ դրվագում հավանաբար կար իրավախախտում, բայց մենք պետք է հասկանանք, որ իրավախախտումների համար պետք է բոլորը պատասխան տան։

Երբ, օրինակ, երկրի ղեկավարը կարող է ուղղակի սպառնալ և այդ սպառնալիքը կյանքի կոչելու հնարավորություն ունի՝ ընդհուպ մինչև առանձնապես ծանր հանցագործություն կատարելու միջոցով սպառնալիք գործադրել, ու դա հետևանք չունենա, բայց շարքային քաղաքացին, ով առերևույթ գուցե թույլ է տվել օրենքի խախտում կամ արտահայտություն, որը չպետք է աներ՝ հետապնդում է հարուցվում։ Մենք գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ, և ցավով պիտի արձանագրեմ, որ սխալ են արել, որ այդ անձի նկատմամբ հետապնդում են հարուցել»,- 168.am հետ զրույցում ասաց Արայիկ Պապիկյանը։

Նա՝ որպես իրավաբան, շեշտում է՝ շատ աղաղակող ու ցավալի երևույթ է, երբ այդ ամենը կատարում է իշխանության ներկայացուցիչը կամ համակրող անձը ու չի ենթարկվում պատասխանատվության։

«Բայց մեկը, ով իշխանության համակիրը չէ, նրա նկատմամբ քրեական հետապնդում են սկսում, և այդ ամենն ունի հստակ պատվիրատու, և կատարողները կատարում են։ Ցավում եմ, որ այդ քաղաքացին, ով շուկայում առևտրով էր զբաղվում, տրվեց իշխանական սադրանքին, նրան սադրեցին։ Նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն արդարացի չէ։

Հիշում եմ, որ Գյումրիում Պերմյակովի դեպքից հետո հարյուրավոր անձինք առերևույթ թույլ էին տվել խուլիգանական քայլ։ Երկրի գլխավոր դատախազը, հասկանալով, որ հարյուրավոր մարդիկ այդ խուլիգանական քայլը թույլ էին տվել, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցեց՝ իրավիճակը սթափ գնահատելու արդյունքում»,- ընդգծեց Արայիկ Պապիկյանը։

Նշենք, որ ձմերուկ վաճաող Արմեն Քալաշյանն Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից է:

168.am վարչական ղեկավար Արշակ Մկրտումյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ կարծիք ունի տեղի ունեցածի վերաբերյալ։

«Ինչ-որ բաներ լսել եմ, բայց մանրամասն տեղյակ չեմ։ Այդ մարդու հետ շփում չունեմ, չգիտեմ էլ՝ ինչ ձևի մարդ է, կոնկրետ բան չեմ կարող ասել, իրենց հետ կապ չունեմ»,- նշեց վարչական ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել