168.am-ը գրում է․

«Հիգոս» թայֆունը պատուհասել է Տոկիոյի մերձակա շրջանները՝ շաբաթ օրը հորդառատ անձրևներ բերելով Խաղաղ օվկիանոսի ափամերձ գոտիներում։ Միևնույն ժամանակ, դրան հաջորդող ավելի հզոր թայֆունը կարող է էլ ավելի շատ տեղումների պատճառ դառնալ՝ օրվա երկրորդ կեսին մեծացնելով սողանքների ու հեղեղումների վտանգը։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով օդերևութաբանական ծառայությանը։

Երկու թայֆուններն ու սեզոնային անձրևաբեր ճակատն արդեն իսկ տեղատարափ անձրևներ են բերել արևմտյան և հարավարևմտյան շրջաններում, ինչի հետևանքով սողանքներ են առաջացել ու ճանապարհներ վնասվել։

Յամագուտի պրեֆեկտուրայում ուրբաթ օրը տեղի ունեցած սողանքի պատճառով տուն է փլուզվել․ մեկ մարդ անհետ կորել է, ևս մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Թեև շաբաթ առավոտյան «Հիգոս» թայֆունն արդեն հանդարտվել ու վերածվել է արևադարձային ցիկլոնի, Խաղաղ օվկիանոսով դեպի հյուսիս-արևելք է շարժվում «Մեկխալա» թայֆունը։ Այն ընթանում է Ճապոնիայի արևմտյան ափի երկայնքով և կարող է հարվածել երկրի արևելյան շրջաններին։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ մինչև կիրակի առավոտ Ճապոնիայի կենտրոնական Տոկայ շրջանում սպասվում է մինչև 250 մմ տեղումներ, իսկ Կանտո-Կոշին շրջանում, ներառյալ Տոկիոն՝ մինչև 200 մմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել