Tert.am-ը գրում է․

Թույլ տվեք այս պահին փակագծերը չբացեմ, կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները Սահմանադրական դատարանում: Այս մասին Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը՝ խոսելով ընդդիմության քայլերի հաջորդականության մասին:

Նա նշել է, որ այս պահին ցանկացած կարծիք, որը հնչում է հետաքրքված կողմից, իսկ ինքը հետաքրքրված կողմ է, հնարավոր է սխալ ընկալվել:

«Կարող եմ միանգամայն վստահությամբ ասել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության յուրաքանչյուր գործողություն համապատասխանում է, համապատասխանել է և համապատասխանելու է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, այսինքն՝ թող հույսները կտրեն, ոչ մի ապօրինի բան նվազագույնը չի դիտարկվում»,-նշել է Աբովյանը։ 

Լրագրողի հարցին՝ ընդդիմությունն ունի՞ պլան բ, նա պատասխանել է, որ շատ է շահարկվում պլան բ, գ, դ…, բայց պետք չէ սևեռվել կոնկրետ պլանների վրա:

«Դինամիկ գործընթաց է: Ավելի քան համոզված եմ՝ ամեն ընդդիմադիր ուժ ունի իր տեսլականը՝ իրադարձությունների զարգացման տրամաբանության ներքո ինչպես են արձագանքելու, սա միանշանակ է»,-ասել է ԲՀԿ պատգամավորության թեկնածուն։ 

Նա ընդգծել է, որ իշխանությունը պետք է շատ հստակ և պարզ ֆիքսի՝ այսօր պայքարում է ոչ թե ԲՀԿ-ի կամ այլ քաղաքական ուժերի դեմ, այլ պայքարում են ՀՀ բնակչության մեծամասնության դեմ, որն իրենց ձայն չի տվել:

«ՀՀ մեծամասնությունն իրենց ձայն չի տվել, դուրները գա-չգա, խփեն իրենց պատերով, չգիտեմ՝ ինչեր խոսեն, դա այդպես է»,-հավելել է Արման Աբովյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել