Dagen-Foto-Swirc

   Բաց աչքերով և փակ աչքերով «Արվեստն անտեսում է Պատմությունը, բայց օգտվում է նրա տարածած սարսափից: Մեր գոյության իրադարձությունները, հասարակությունների բռնությունը մանրախիճի, խիպարի ու երկաթի կույտ են անում, որն ամրապնդում է նրա հիմքերը»: Ռընե Շար, «Լուտանքներ», «Հիմքի ու գագաթի որոնում»-ից Ավանդապաշտների ու կարոտյալների բողոքներով, Պաստերիզացված արտադրանք պահանջող մասսայի կողմից ազգային հարստության մշակութային սպառումով, Միայն ողորմություն հատկացնող և անգործությունը սատարող պետության անտարբերությամբ, Ապրանքի, ներդրման, գրավականի, եկամտի վերածված գեղարվեստականության հասարակացմամբ, Ճշմարտությունն ասելու միակ իրավասուների` հումանիտար գիտությունների անվրեպության անընդունելիությամբ Ֆրանսիական հասարակությունն իրենից հեռացնում է արվեստագետներին, ստորակարգ պաշտոններ բաշխում նրանց և մեծարում սոսկ երկրորդական արժանիքների համար. իլյուզոնիստներին ընժայված պատրանքային երախտագիտություն: Արդյուքնում` արգելք և զրկանքներ: Պետք չէ ենթադրել գիտակից կամք, հավաքականության ղեկավարում: Այդ ամենը բխում է հասարակական մարմնի պաշտպանական ռեակցիայից` պահապան շան պահվածքից. «Թող հանգիստ թողնեն մեզ: Requiescat in pace հասարակությանը»: Ինչի՞ համար են այդ մերժումը, այդ խորամանկությունները, այդ խոտորումները, այդ բանադրումները: Եթե արգելքն այդ աստիճան խիստ է, խոչընդոտում է բոլոր մակարդակներին, ապա հարկ է ենթադրել, որ հանցանքը ծանր է և պետք է պատժվի: Հարցը հետևյալն է` ո՞ր հանցանքը, ո՞ր սխալը: Պատասխանը (փչացնենք ողջ տպավորությունը` անմիջապես հայտնելով) այս է. 20-րդ դարի ֆրանսիական հասարակությունը չի սիրում ժամանակակից արվեստը, որովհետև վերջինս չի դադարում կրկնել` ստիպելով ընդունել, որ ինքը հենց 20-րդ դարից է: Այլ կերպ ասած, որ այլևս ոչ Լյուդովիկոս 14-րդի դարից է, ոչ էլ «հին, բարի ժամանակներից», այլ, հակառակ իր կամքին` «կորած», վերջնականապես կորած ժամանակի հասարակություն է, իր իսկ հետազոտության անըմբռնելի առարկան: «Գերմանտ» հյուրանոցի բակի սալարկներն այլ կերպ են զրնգում, ոչ մի վերանորոգում չի փոխի դա: Կարելի էր դրանք դասել «պատմական հուշարձանների» շարքը, բայց դա բավական չէր լինի ավտոմեքենաները, ինքնաթիռներն ու պատերազմը մոռանալ տալու համար: Վերջ ակնարկներին. այս դարի ֆրանսիական գրականության գլուխգործոցներից մեկը գուցե այնքան միամտորեն չի՞ վերնագրվել «Ի խույզ կորուսյալ ժամանակի»: Այդ նշանի, այդ հրամայականի ներքո այնքա՛ն արարքներ, այնքա՛ն ռեֆլեքսներ են դրված, որ վերջ ի վերջո մեզ հարց ենք տալու, թե վերհուշները, ափսոսանքներն ու տարեդարձներն իրականում մեր նախընտրելի զբաղմուքները չե՞ն արդյոք. այն, ինչ Պրուստը հասկացել է հիանալիորեն: Եվ այսպես, կորած ժամանակ կամ թանգարանային հավերժական անցյալ-ներկա` ժամանակի հոսքից դուրս: Շատ ավելին կարելի էր գրել եզակիության, մշակութային բացառիկության մասին մի երկրի, որն, ինչպես ասում են, այնքան է տարված իր վսեմությամբ, որ այլևս ապրում է միայն մորմոքներով, առանց խոր համոզմունքի, սնափառության թռիչքներով, ամայության մեջ ղողանջած շեփորի հնչյուններով, ապրում է առանց պատրանքների, վստահ, որ ավելի մեծ, ավելի հզոր,ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ է եղել առաջ: Ինչի՞ց առաջ: Անիծյալ 20-րդ դարից առաջ, Հայրենական մեծ պատերազմից առաջ, այլ պատերազմներից առաջ: Երջանիկ այնպես, ինչպես չի եղել երբևէ, եթե միայն ոչ անփառունակ Օկուպացիայի օրոք, երբ «հին, բարի ժամանակներին», պապենական արժեքներին վերադառնալու ողբերգական կատակերգությունն էր խաղում: Երջանկությունը մարգագետնում է, զօր ու գիշեր երազած ֆրանսիական Արկադիայում:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել