Ես երբեք չեմ հայհոյում, հայհոյանքը երբեք չեմ խրախուսում, բայց հայհոյանքի հիման վրա խուլիգանության վարույթ հարուցող տգետներին մեկը պետք է հասկացնի, որ խուլիգանությունն արարք է, գործողություն է՝ խոսք չէ։ Եթե խոսքը՝ հայհոյանքը արարքով չի ուղեկցվել, չի կարող խուլիգանություն դիտվել։ Եւ օրենքում իրենց այդ «հանճարեղ» լրացումը՝ «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով» եզրույթն էլ մի կողմից անհեթեթություն է, մյուս կողմից՝ խայտառակություն, պետք է անպայման վիճարկվի ՍԴ-ում եւ հանվի օրենքից։ Սա ընդդիմության եւ մեր փաստաբանների անելիքն է։
Իսկ հայհոյանքը կարող է առավելագույնը վիրավորանք դիտվել եւ վիրավորված անձը կարող է դիմել դատարան՝ քաղաքացիական հայցով, փոխհատուցում, հերքում կամ ներողություն պահանջելով։ Վերջ։
Պատկերացնո՞ւմ եք այս տարիներին քանի տոննա հայհոյանք ու սպառնալիք է հնչել ընդդիմության, լրագրողների, հարգարժան անձանց հասցեին, որոնց մտքով անգամ չի անցել դիմել քննչական մարմիններին, իսկ եթե անգամ դիմել են՝ նրանց դատարանի դուռն են ցույց տվել․ դիմեք քաղաքացիական դատավարության կարգով։ ԱԺ նախագահին, վարչապետին, պատգամավորին հայհոյելը ոչնչով չի տարբերվում շարքային քաղաքացուն, գիտնականին, լրագրողին, մտավորականին հայհոյելուց։ Եթե մի դեպքում քրեական հանցանք չկա, մյուս դեպքում էլ չի կարող լինել։ Եւ սպառնալիքն էլ շատ բարդ է քրեականացնելը, որովհետեւ ամեն կոշտ խոսք չէ, որ սպառնալիք է։ Եւ ամեն սպառնալիքի համար չէ, որ մարդուն կարելի է բերման ենթարկել, ձերբակալել ու կալանավորել։
Եւ երկրորդը․ մի սեւեռվեք բերման ենթարկելու ձեւի վրա, սողանցք մի թողեք սրանց համար, որ սկսեն կիրթ ձեւով բերման ենթարկել։ Քաղաքական հետապնդումը, խոսքի համար հետապնդումը ոչ մի արդարացում չունի, ոչ մի երկրում թույլատրված չէ, ոչ մի իշխանության նման բաները չպետք է ներվեն։ Այսպես որ գնաց վաղն էլ կմտնեն դաշնակցության, ՀՀԿ-ի, Արման Թաթոյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի գրասենյակ կամ, ասենք, «24 Նյուզի», «Հրապարակի» խմբագրություններ՝ կխուզարկեն, համակարգիչներ կառգրավեն, բերման կենթարկեն, պատճառաբանելով, թե էսինչ ելույթը, էնինչ հոդվածը դուրներս չի եկել․․․
Եթե այսօր չենք պաշտպանում սկզբունքը, օրենքը, որովհետեւ հետապնդման ենթարկվող անձինք մեր ընկերը չեն կամ՝ վատ լեքսիկոնը չենք ուզում խրախուսել եւ այլն․ վաղն այս տեռորն ու բեսպրեդելը հասնելու է յուրաքանչյուրիս․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել