Hraparak.am-ը գրում է․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, ինչպես նաև հեռուստաալիքի բոլոր աշխատակիցներին շնորհավորել է RT–ի հիմնադրման 20-ամյակի առթիվ: Հանդիսավոր միջոցառումը կայացել է Մոսկվայի Մեծ թատրոնում։
Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել RT-ի անձնակազմին բարձր պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական նվիրվածության և գլոբալ տեղեկատվական տարածքում ճշմարտությունը համարձակորեն և համառորեն պաշտպանելու ունակության համար: Նա նշել է, որ երկու տասնամյակի ընթացքում հեռուստաալիքը գաղափարից դարձել է միջազգային մեդիաբրենդ, որը հայտնի է ամբողջ աշխարհում։
«RT-ի լրագրողները, օպերատորները, մյուս նախագծերի գործընկերները միշտ իրադարձությունների էպիկենտրոնում են, միշտ առաջնագծում՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Անվախությունն ու ճշմարտությանը նվիրվածությունը հեռուստաալիքի աշխատակիցների գլխավոր հատկանիշներն են»,-ասել է Պուտինը։
Նախագահն ընդգծել է, որ RT-ն հանդիսատեսին կարծիք չի պարտադրում, այլ համաշխարհային իրադարձություններին նայելու այլընտրանքային և ճշմարտացի տեսակետ է առաջարկում՝ միաժամանակ պաշտպանելով հանդիսատեսի ընտրության իրավունքը: RT-ի գործունեությանը արևմտյան երկրների արձագանքը նա անվանել է «պարզունակ»՝ նշելով, որ արգելքներն ու արգելափակումները միայն հաստատել են ալիքի ազդեցությունը միջազգային մեդիատարածքում:
Պուտինի խոսքով՝ RT-ն դարձել է ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման կարևոր հարթակ՝ նպաստելով մշակութային և քաղաքակրթական բազմազանության պահպանմանը: «Դժվար է գերագնահատել RT-ի ներդրումը ավելի արդար, կայուն, բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման ընդհանուր պայքարում»,-նշել է նախագահը: Նա հավելել է, որ հեռուստաալիքը հաջողությամբ արձագանքում է ժամանակի մարտահրավերներին՝ հարմարվելով նոր տեխնոլոգիաներին և տեղեկատվության մատուցման ձևաչափերին: «Աշխարհը սրընթաց փոխվում է, տեխնոլոգիաները փոխակերպում են լրագրությունը, սոցիալական ցանցերը նոր ռիթմեր են սահմանում։ Դուք հաջողությամբ պատասխանում եք այդ մարտահրավերներին, մնում եք համարձակ, բաց և ստեղծագործ»,-ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարը առանձին դիմել է Մարգարիտա Սիմոնյանին՝ վստահություն հայտնելով, որ նա կհաղթահարի բոլոր դժվարությունները, որոնց բախվում է վերջին շրջանում: «Թանկագին Մարգարիտա, մենք բոլորս գիտենք, և հատկապես այստեղ, այս կոլեկտիվում գիտեն, թե հիմա որքան բարդ է ձեզ համար և ձեր կյանքում, ձեր ընտանիքի կյանքում որքան բարդ ժամանակաշրջան եք դուք հիմա անցնում։ Բայց աշխատավայրում դուք միշտ արիություն և տոկունություն եք ցուցաբերում։ Վստահ եմ, որ այս անգամ էլ կհաղթահարես»,-ասել է Պուտինը։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նախագահին աջակցության համար և կարճ պատասխանել է. «Խոստանում եմ»։ Պուտինը նաև նշել է, որ հիմնականում RT-ի շնորհիվ են ամբողջ աշխարհում իմացել, որ Ռուսաստանը մնում է ավանդական արժեքների հենարանը և պաշտպանում է դրանք: RT հեռուստաալիքը ռուսական միջազգային տեղեկատվական ընկերություն է, որը շուրջօրյա հեռարձակում է իրականացնում ութ լեզուներով՝ անգլերեն, իսպաներեն, արաբերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սերբերեն, ինչպես նաև երկու վավերագրական ալիքների ձևաչափով։ Գլխավոր խմբագիրն է Մարգարիտա Սիմոնյանը, գլխավոր տնօրենը՝ Ալեքսեյ Նիկոլովը: Սպուտնիկը հիշեցնում է, որ RT-ն սկսել է հեռարձակվել 2005 թվականի դեկտեմբերի 10-ին՝ անգլերեն լեզվով։
Հաջորդ տարիներին հայտնվեցին արաբերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն և սերբերեն ալիքները։ 2025 թվականին նախատեսվում է գործարկել RT India-ն՝ Դելիից։ Հեռուստաալիքը ներկայացված է Լատինական Ամերիկայի տասը երկրների եթերում, լսարանը կազմում է մոտ մեկ միլիարդ հեռուստադիտող։ RT-ի տվյալներով՝ սոցցանցերում մեդիախմբի նախագծերի տեսանյութերի դիտումների ընդհանուր թիվը 2024 թվականին գերազանցել է 23,8 միլիարդը, իսկ 2025 թվականի հունիսին ռեկորդ է սահմանվել՝ մեկ ամսվա ընթացքում 1 միլիարդ դիտում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5a4c1b5e170dfdfb286cda9ce1daf617
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»



