Միլանյան երկու գրանդները՝ «Միլանը» և «Ինտերը», համատեղ հայտարարություն են տարածել «Սան Սիրո» մարզադաշտի ձեռքբերման մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարզադաշտի իրավունքների փոխանցման որոշումը կայացվել է Միլանի քաղաքային խորհրդի սեպտեմբերի 30-ին կայացած նիստում, իսկ գործարքի արժեքը կազմել է 197 միլիոն եվրո։
««Ինտերը» և «Միլանը» գոհ են քաղաքային խորհրդի կողմից «Սան Սիրո» մարզադաշտի և հարակից տարածքի վաճառքի հաստատումից։ Սա պատմական և վճռորոշ քայլ է ակումբների և քաղաքի ապագայի համար։
Քաղաքային կառավարության կողմից Խորհրդի որոշման պաշտոնական հաստատմանը սպասելով՝ ակումբները վստահությամբ և պատասխանատվությամբ սպասում են գործընթացի հաջորդ փուլերին։ Դրանք կհանգեցնեն միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտի ստեղծմանը՝ համաշխարհային մակարդակի կառույց, որը նախատեսված է դառնալու Միլանի նոր ճարտարապետական խորհրդանիշը և ամբողջ աշխարհի ֆուտբոլային երկրպագուների կրքի խորհրդանիշը»,- ասվում է ակումբների տարածած համատեղ հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ինտերը» և «Միլանը» նախատեսում են քանդել «Սան Սիրոն»՝ քաղաքից գնելուց հետո, և հարակից տարածքում նոր մարզադաշտ կառուցել։ 1926 թվականին կառուցված մարզադաշտի վերանորոգումը համարվում է անիրագործելի տեխնիկական խնդիրների պատճառով։ Նոր մարզադաշտի շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին, իսկ ավարտը՝ 2031-ին։



