Մենք տարիներ շարունակ ձեւավորված է եղել Մինսկի խումբը, որը զբաղվում էր Արցախի հակամարտության կարգավորմամբ և տարիներով լսում էինք, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծման տարբերակ. ցավոք, աշխարհում փոխվել է իրավիճակը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27–ին, 44–օրյա պատերազմ սկսելու 5–րդ տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այսօր, ցավոք, ականատես ենք լինում, որ աշխարհում շատ ու շատ հարցեր լուծվում են ուժի տարբերակով։ Ինչ վերաբերում է նրան, թե կարո՞ղ էինք խուսափել պատերազմից և պարտությունից, ես այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել»,–ասաց նա։

Անդրադառնալով Վաշիգտոնում ձեռք բերված համաձայնություններին, և հարցին, թե արդյոք սա խաղաղություն է, ինչպես պնդում է իշխանությունը, Շահրամանյանն  ասաց. «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է խաղաղության, սակայն մենք մշտապես նշում են, որ արցդախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից։ Այսօր աչք փակելով այդ հարցի վրա, մեծ խնդիր են ստեղծում ապագայի համար հնարավոր է թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում՝ արժանապատիվ ու անվտանգ վերադարձի տեսքով»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է խոսույթին, թե մնայիք, կռվեիք, չտայիք Արցախը, ԱՍամվել Շահրամանյանն ասաց. «Այդ խոսույթին ես լուրջ չեմ վերաբերում, նման արտահայտություն անողները չեն կարող լուրջ անձնավորություններ իրենց համարեն։ 2020–ի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ՀՀ–ի Ադրբեջանի, ՌԴ ղեկավարները ստորագրել են մի փաստաթուղթ, որով դադարեցրել են ռազմական գործողությունները։ Եթե հնարավոր էր շարունակել պայքարը, տրամաբանական է, որ դա պետք է շարունակվեր 2020–ին։ 2020–ից հետո մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանին փոխանցվել են շրջաններ Արցախի շուրջ, փոխանցվել են ռազմական մեծ նշանակություն ունեցող դիրքեր, Ստեփանակերտի վերևում, Շուշիում տեղակայված էին Ադրբեջանի զորքերը։ Այս իրավիճակում խոսել, որ մնայիք, պայքարեիք, ես դա լուրջ չեմ կարող համարել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել