168.am-ը գրում է․

Իսրայելը չի դադարեցնի մարտական գործողությունները պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ մինչև դրա լիովին ոչնչացումը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքը և ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին», – ասել է նա արտասահմանյան ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսում։

Վարչապետը հավելել է. «Հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու մերժումը, Իսրայելին այլընտրանք չի մնում, քան ավարտել սկսածը և վերջապես ջախջախել ՀԱՄԱՍ-ին»։

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցուցում է ստացել «վերացնել ՀԱՄԱՍ-ի մնացած երկու հենակետերը Գազա քաղաքում և Գազայի հատվածի կենտրոնական շրջաններում»։

Նրա խոսքով՝ ԻՊԲ-ն ձեռնամուխ կլինի այդ պլանի իրականացմանը՝ քաղաքացիական բնակչությանը հնարավորություն տալով անվտանգ լքել մարտական գործողությունների շրջանները և մնալ հատուկ հատկացված անվտանգ գոտիներում։

Իսրայելական ԶԼՄ-ների համար կազմակերպված առանձին մամուլի ասուլիսում Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը գործարքի կնքման համար «առաջարկել է անիրագործելի պայմաններ ոչ միայն մեր տեսանկյունից, այլև Միացյալ Նահանգների տեսանկյունից»։

Նա անընդունելի է համարել պաղեստինյան արմատականների պահանջները Գազայի հատվածից իսրայելական զորքերի լիակատար դուրսբերման, ինչպես նաև այն պարտադիր միջազգային երաշխիքների վերաբերյալ, որոնք կխանգարեին մարտական գործողությունների վերսկսմանը։

«Սրանք կապիտուլյացիայի պայմաններ են, որոնք ոչ մի պատասխանատու կառավարություն չի համաձայնի ընդունել, և, իհարկե, ես դրանք չեմ ընդունի», – ընդգծել է Իսրայելի վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել